Մայր Աթոռն արձագանքել է. աբեղայի հարցը կքննեն
Մամուլում հրապարակվել էր, որ Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը։ Հայր Համբարձումը մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ չի պատրաստվում բողոքել, քանի որ դեպքը տեղի է ունեցել «մտերիմ մարդու հաստատությունում»․ «Ես այնտեղ եղել եմ ընկերոջս հետ, անախորժություն եղավ աշխատակիցների հետ կապված, բայց հարթվել է, ավելին ասելիք չկա, ես բողոք չեմ ներկայացնելու, քանի որ մտերիմ մարդու հաստատություն է եղել»։ Այս հրապարակման կապակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամը Հրապարակ օրաթերթին փոխանցել է հետևյալը. «Ցանկանում եմ տեղեկացնել «Հրապարակում» տպված նյութի հետքերով, որ Տ. Համբարձում աբեղա Արաբյանի հարցը Ամենայն Հայոց Կաթողիկոսի թելադրությամբ կքննվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնաժողովի կողմից։ Շնորհակալություն»։
