«Սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում».Այվազյանը՝Բագրատյանին
ԱԺ-ում այսօր «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունները վերածվեցին բանավեճի ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի եւ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջեւ: «Լավ ա, էլի, ասում ա՝ սելը ճռալու տեղը սելվորն ա ճռում: Դուք լինեք վարչապետ, ես՝ տնտեսական դաշտն ավիրող: Սենց լավ ա ստացվում»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և հորդորեց կարդալ օրենքները և մեջբերեց ՀՀ-ի և ԵՏՄ-ի պայմանագրից, որի հիման վրա 1000 դրամ տուրք է սահմանվում ԵՏՄ շրջանակներում արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ երրորդ երկրներից ներմուծման և երրորդ երկրներ արտահանման լիցեզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր տրամադրելու համար. «Սա Ձեզ կետը, սա էլ պայմանագիրը»: Այվազյանը Բագրատյանին մեղադրեց միայն տեսախցիկների առջև ելույթներ ունենալու մեջ ու նշեց, որ բովանդակային քննարկումներ ընթանում են հանձնաժողովում, որի նիստերին նա չի մասնակցում. «Հասկանում եմ կամերաների նկատմամբ Ձեր սերը, էս դրսևորումները: Տնտեսական դաշտը ավիրելու մեջ ինձ մեղադրելը, օրինակ, դա ես մի քիչ քիչ եմ հասկանում»: Հրանտ Բագրատյանը կրկին ընդվզեց՝ ներկայացնելով իր դժգոհությունները նախագծի հետ կապված: Դահլիճից դուրս գալիս նա դեռ շարունակում էր բանավիճել Վարդան Այվազյանի հետ: Նրանց բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ընթերցելով քննարկվող նախագծի կետերը: Աստղիկ Ավագյան
