Վարչապետի հարցը քննարկելու ենք ապրիլին. Արա Բաբլոյան
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել էր թիվ 76 դպրոց: Միջոցառմանը մասնակցելուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ապագա վարչապետի հարցում իշխող Հանրապետական կուսակցության կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին: «Ինձ թվում է՝ կարևորն այն է, որ մեր երեխաների համար լինի խաղաղություն, որ նրանք կարողանան հանգիստ կյանքով ապրել, սովորել։ Կգանք կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին բոլորս միասին։ Բոլոր քննարկումները կլինեն ապրիլին»,- ընդգծեց Բաբլոյանը։ Այնուհետև Բաբլոյանը նշեց, որ հիշում է իր առաջին զանգը և այն բոլոր տարիները, երբ սովորել է դպրոցում. «Ոչ մի բան չի փոխվել ինձ համար. իհարկե, կան փոփոխություններ, բայց դա այն դպրոցն է, որտեղ ես սովորել եմ: Ինձ հիշում եմ ճիշտ այս երեխաների պես»:
