Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է կողմնակալության մեջ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով ԱՄՆ-ին մեղադրել է կողմնակալության մեջ և քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը: Հայտարարության մեջ նշված է. «Այդ մեղադրանքն անարդար է և կողմնապահ: Մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, և այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: Թուրքական կողմի դժգոհության մասին արդեն իրազեկված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը: Հիշեցնենք, մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ եւ հայ խաղաղ ցուցարարների վրա։ Ավելի ուշ հրապարակված տեսանյութում երեւում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, եւ հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։ Բախումների հետեւանքով 11 մարդ էր տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց էին տեղափոխվել։
