Շշի Մելոյի անվան հետ կապված միջադեպի ուսումնասիրության արդյունքները հայտնի են
Հայկական ժամանակը գրում է. Ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) գործարանում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ հրապարակման տեղեկությունների ուսումնասիրման արդյունքները հայտնի են: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ուսումնասիրության արդյունքներով մամուլում հրապարակված տեղեկությունները չեն հիմնավորվել: Նշենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականից հետո, ոստիկանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանին, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ պարզաբանում ներկայացնել՝ նշելով, որ չեղած բանի մասին չի պատրաստվում պարզաբանում ներկայացնել: Հիշեցնենք՝ օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եւ քրեական հեղինակությունների միջեւ։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ. մի խումբ անձինք այցելել են Մանուկյանի աշխատասենյակ եւ առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, որը, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հարվածել։
