Զախարովան անդրադարձել է ԵԱՀԿ մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին տեղեկություններ դեռեւս չկան: Այս մասին օգոստոսի 31-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Զախարովան, անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգի ժամանակ ադրբեջանական կրակոցներին, նշել է, որ փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ տեղում գնահատելով իրավիճակը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ավանդաբար հակամարտության սրման կամ լարման շրջաններում մշտապես կողմերին կոչ է արել հանդես բերել հավասարակշռված մոտեցում, որի նպատակը կլիներ ոչ թե իրավիճակի լարումը, այլ քաղաքական կարգավորման ուղղությամբ շարժվելը: «Ինչ վերաբերում է նշված դեպքին, ապա փորձագետները պետք է իրենց խոսքն ասեն՝ իրավիճակը հետազոտելով տեղում»,- հավելել է Զախարովան: Հարցին՝ կարո՞ղ է Ռուսաստանը նախաձեռնել բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղին վերադարձնելը, Զախարովան պատասխանել է. «Այս հարցում մեր ավանդական դիրքորոշումը հայտնի է»:
