Ռուսների ղարաբաղյան ախորժակը բացվե՞ց
Օրեր առաջ Սերժ Սարգսյանը, երբ պատասխանում էր բազեականների հարցերին` նշեց, որ Վլադիմիր Պուտինի հետ չի քննարկել Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Նա անդրադարձել է ԵԱԿՀ ՄԽ-ի ամերիկացի նախկին համանախագահող Ռիչարդ Հոգլանդի օրերս արած հայտարարության և Սոչիում կայացած հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունների վերաբերյալ վերլուծություններին, որոնցով Հոգլանդի հայտարարության ժամկետը պատահական չէր համարվում: Սերժ Սարգսյանը նախ նշել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ տարին մի քանի անգամ ավելի ազատ ռեժիմով հանդիպումների ավանդույթ է ձևավորվել, և այդ հանդիպումների ընթացքում քննարկվում է հայ- ռուսական հարաբերությունների բազմաբովանդակ օրակարգը։ Սոչիի հանդիպումը դրանցից մեկն էր: Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սարգսյանը։ Սերժ Սարգսյանն, իհարկե, հնարավոր է ամբողջությամբ անկեղծ էր բազեականների առջև, երբ նշել էր, թե Պուտինի հետ հանդիպմանը ԼՂ հարցի շուրջ քննարկում առհասարակ չի եղել: Բայց բանն այն է, որ ռուսական տարբեր շրջանակներ վերջերս հետևողականորեն իրենց կապում են ԼՂ խնդրին, կարծես, գիտակցելով այս փուլում Հայաստանի շուրջ արևմուտքի կողմից ուշադրությունը, Հայաստան-ԵՄ առաջիկայում ծրագրվող փաստաթղթի ստորագրումը, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Իրան հարաբերությունները: Օրերս ուշագրավ մեկ այլ տեղեկություն ստացվեց: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին Մոսկվայում կհանդիպեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր-Վահրամ քահանա Մելիքյանին: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ, և նախնական տվյալներով՝ տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Մոսկվայում: Սա ուշագրավ փաստ է, հատկապես Սերժ Սարգսյանի այն պնդման համատեքստում, թե Պուտինի հետ չեն քննարկել ԼՂ հարցը: Իսկ գուցե, ԼՂ հարցը Մոսկվան հիմա Բաքվի հետ է քննարկում, և նաև` Ստեփանակերտի՞... Սա այնքան էլ անհավանական սցենար չէ, եթե հաշվի առնենք մեկ այլ տեղեկություն, որը ադրբեջանական կայքերում տեղ գտավ: Ինչպես հայտնում էր 1in.am-ը, ադրբեջանական haqqin.az լրատվական կայքը տեղեկացրել է, որ Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, Ռուսաստանի Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը մտադիր է մոտ ապագայում Մոսկվայում նախաձեռնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Ի դեպ, ադրբեջանական կայքերի տեղեկատվությանը մենք վերաբերում ենք խիստ վերապահումով, որովհետև դրանք, առանց բացառության, վերահսկվում են Ալիևի ավտորիտար ռեժիմի կողմից: Կայքը հղում է անում Ժիրինովսկու կուսակցության լրատվական ծառայությանը` վերջինիս տեղեկատվությունը մատուցելով առանց սեփական մեկնաբանության և հավելումների: Այսինքն, խոսքը գնում է Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցության տարածած տեղեկատվության հետ, որը տարածվել էր ադրբեջանական կայքով: Ընդ որում, նկատենք նաև, որ ոչ միայն ադրբեջանական, այլև ռուսաստանյան կրեմլամերձ կայքերում էին` Ռուսաստան-Ադրբեջան-Ղարաբաղ ֆորմատին «զարկ» տալու կոչերով հոդվածներ հրապարակվել: Պատահականությո՞ւն համարել վերջին շրջանում ռուսական ու ադրբեջանական մեդիայի այս շարժը... Հազիվ թե: Թամար Բագրատունի
