Ոստիկանությունը՝ Փաշինյանի՝ երկրորդ կրակոցը հնչելու վերաբերյալ մտահոգության մասին. տեսանյութ
Ընկերուհուն պատանդ պահող տղայի վնասազերծման գործընթացում ոչ թե մեկ, այլ երկու կրակոց է հնչել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ գրառմանը կից ներկայացնելով վերը նշվածի փաստն ապացուցող տեսանյութ: «Այս տեսանյութից հստակ երեւում է, որ ընկերուհուն պատանդ պահող տղայի վնասազերծման գործընթացում ոչ թե մեկ, այլ երկու կրակոց է հնչում։ Հատկապես երկրորդ կրակոցը պետք է հստակ հետաքննության ենթարկվի եւ պարզվի, թե արդյո՞ք դա է եղել պատանդառուի մահվան պատճառը։ Եթե այո, չափազանց լուրջ հարցեր են առաջանում»,- գրել է պատգամավորը: Վերը նշվածների հետ կապված ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ քննությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն:
