«Իմ սիրտը հույս ունի, որ մի օր նա կհայտնվի». անհայտ կորածների ընտանիքները դեռ սպասում են
Օգոստոսի 30-ը անհայտ կորածների միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Լատինական Ամերիկայում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ.-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից՝ Վանաձորում, Բաքվում, Թբիլիսիում, Գյանջայում և Ստեփանակերտում:Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ավելի քան 10 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Այն իրավասու պետական կառույցների ուշադրությանն արժանացավ միայն 2010 թ.-ին: ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի աշխատակազմի, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Առողջապահության նախարարության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսվեցին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2011 թ. ապրիլին դրանք արդեն ավարտվել էին, սակայն ՀՀ Ազգային Ժողովում օրենքի նախագծի վերջնական ներկայացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:ՀՀ Արդարադատության նախարարությունը 2015 թ.-ի օգոստոսի 4-ի գրությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան, օրենքի նախագծի ընդունումը համարել է ոչ հրատապ: 1994 թ.-ի զինադադարից հետո հրադադարի ռեժիմի խախտման և պարբերական թեժացման հետևանքով երկուստեք կորուստները շարունակվում են, ղարաբաղաադրբեջանական բաժանարար գծում և հայ-ադրբեջանական սահմանագծում գերևարվում և անհայտ կորչում են բազմաթիվ անձինք: Խնդրին բախվեցինք նաև բոլորովին վերջերս՝ 2016 թ. ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:Այս իրավիճակում «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը ոչ միայն հրատապ է, այլև դա կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ և հնարավորություն տալ ապահովելու անհայտ կորածների և նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը:Լոռու մարզի Թումանյան քաղաքի իր փոքրիկ տանը ամուսնու հետ ապրող 67-ամյա տիկին Անահիտը դժվարությամբ է հիշում, թե վերջին անգամ երբ է իրեն երջանիկ զգացել: Որդու՝ անհայտ կորած համարվելուց ավելի քան 20 տարի է անցել, սակայն նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու հույսը ընտանիքը չի կորցրել: Բայց և ինչպես այդ հարցում, այնպես էլ իրենց սոցիալական խնդիրները լուծելու հարցում պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել և ստանալու ակնկալիք էլ չունեն:«20 քանի տարի անցել ա...ի՞նչ են արել, որ հիմա ինչ անեն: Ոչինչ չենք ակնկալում: Օտարերկրացին կօգնի, բայց իրանցից հույս չկա». վրդովված ասում է նա:Տիկին Անահիտի որդին՝ Արամ Զաքարյանը, անհայտ կորած է համարվում 1994 թ.ից: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
