Աշխատանքից կտրել են, ֆինանսական վնաս պատճառել. աղմկահարույց սպանության գործով հարցաքննվեցին ընթերակաները
Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին դեպքի վայրի զննության որպես ընթերակա հանդես եկած վկաները: Նրանցից մեկը՝ Վալոդ Խաչատրյանը, իր արտահայտությամբ՝ մեքենայի տակ գործ էր անում, երբ իրեն ասել են՝ մեկ րոպեով արի, գնացել է, ապա «մատը դրել են՝ ստորագրել եմ»: Ըստ ընթերակայի, տեսել է, թե դաշտի մոտ ինչպես էին իրավապահները ինքնաձիգի համարը գրում՝ ինքնաձիգը գետնին դրած: «Զենքը փաթեթավորե՞լ են» պաշտպանական կողմի հարցին ի պատասխան վկան ասաց, որ չի տեսել: Դրանից հետո երկրորդ անգամ կանչել են, «բերդի ճանապարհին» այլ ինքնաձիգ է տեսել, ստորագրել: Այստեղ էլ զենքի փաթեթավորելը չի տեսել: Ինքնաձիգը «գետնին դրած էր, վերցրեցին, համարը գրեցին»: Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ վկան իրարամերժ, հակասական ցուցմունքներ է տալիս՝ նախ ասաց մեկ անգամ է գնացել, հետո պարզվեց երկրորդ անգամ էլ է գնացել, մեղադրողը պահանջեց ճշմարտացի ցուցմունք տալ: Գործով բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը առարկեց մեղադրողի դիտարկման դեմ՝ հայտարարելով, որ վկան ի սկզբանե ասել է, որ երկու անգամ է գնացել զննությանը, հակասություն չկա: Մեղադրողի համար ծանր է լսել իրականությունը, ո՞վ ասաց, որ ճշմարտացի ցուցմունք չի տալիս, ասաց Լուսինե Սահակյանը: Ընթերական հայտարարեց, որ զննությանը մասնակցելու հետևանքով ֆինանսական կորուստ է կրել՝ չի կարողացել վերանորոգել մեքենան ու երթուղի դուրս գալ, դրա հետևանքով «պլանն իմ գրպանից եմ դրել»: Նույն այդ զննությանը՝ մեկ ինքնաձիգի մասով մասնակցել է նաև ընթերակա, նախորդ ընթերակայի հարևան Մայիս Բեգոյանը: Նա հայտարարեց՝ «դեպքին չեմ եղել», թեև ոչ ոք նրան նման հարց չէր տալիս: Նա նաև հայտարարեց, որ ինքը զննության վայրում «ոչ բան չեմ տեսել»: Տեսել է զենքը՝ «մենակ տեսել եմ, որ փոքր ավտոմատ էր»: Վկան տեսել է, թե ինչպես են իրավապահները զենքի համարը գրում: Տեսել է նաև, որ թերթ բերեցին, զենքը դրանով փաթաթեցին ու դրեցին ավտոմեքենան: Զենքի փաթեթավորումն ու կնքումը չի տեսել: Ընթերական ասաց, որ «թուղթը տվեցին, ստորագրեցի՝ ինքը գրեց, ասաց ստորագրի»: Հարցին, թե ընթերակա, իր հարևան Վալոդին տեսել է այնտեղ՝ ի նկատի ունեին, զննության վայրում, հնչեց պատասխանը՝ այո, տեսել եմ, մեքենայի տակ գործ էր անում: Ի պատասխան պաշտպանական կողմի հարցի առ այն, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է՝ կցված է լուսանկարչական հավելված, դուք լուսանկարները տեսե՞լ եք, երբ ստորագրում էիք արձանագրությունը՝ երկու ընթերականերն էլ ասացին, որ լուսանկարներ չեն տեսել: Ընթերակաները դատարանում հարցաքննվում էին պաշտպանական կողմի միջնորդությամբ: Դատարան չէր ներկայացել երկու ընթերակա՝ նրանցից մեկը, ըստ տեղեկությունների, Հայաստանում չէ, մյուսը դատապարտված է, այսինքն՝ ըստ ամենայնի գտնվում է կալանավայրում: Դատարանը մինչև հաջորդ նիստը կպարզի, թե արդյոք առաջինը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ երկրորդը ո՞ր քրեակատարողական հիմնարկում է, և միջոցներ կձեռնարկի նրանց ներկայությունն ապահովելու համար: Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալները երեքն են՝ «Գաստիկ» մականվամբ Վահան Հակոբյանը, «Տլե» մականվամբ Սարգիս Հախանումյանն ու «Ծգլ» մականվամբ Սարգիս Գրիգորյանը: Ըստ մեղադրական եզրակացության, Վահան Հակոբյանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել և պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող` 1963թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960թ. գործարանային արտադրության 7,62 մմ տրամաչափի «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ , որոնք ապահովված են եղել պահունակներով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով: Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել (առնվազն 82 փամփուշտ) Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, որի հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Նախաքննական մարմինը որպես սպանության դրդապատճառ նշել է այն, որ Վահան Հակոբյանը «լարված, անբարյացակամ, գժտված վիճակում» է եղել Լևոն Ղազարյանի ու նրա շրջապատի հետ և, ըստ մեղադրական եզրակացության, սպանությունը կատարվել է վրեժխնդրությունից դրդված: Լուսանկարը՝ «Առավոտ»-ի
