Կասկածներ՝ «Նաիրիտ»-ի հրդեհի առընչությամբ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը, դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում: Հրդեհի առընչությամբ hayeli.am-ը կապնվեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբուլցյանի հետ, ով ժամանակին «Նաիրիտի» փակման սոցիալական շժարժման առաջնորդներից մեկն էր: Մեզ հետ զրույցում Խաչիկ Ստամբուլցյանը հիշեցրեց, որ սլովակները վերջերս հետաքրքրվում էին գործարանով, և մոտ մեկ շաբաթ առաջ գործնական հանդիպում են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ ներդրումներ անելու համար: Ինչպես տեղեկացրեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեփական միջոցներով «Նաիրիտում» աուդիտ անցկացնել՝ պարզելու համար գործարանում տիրող իրավիճակը: Իսկ որ այդ աուդիտը կարող է տնտեսական լուրջ խնդիրներ (մախինացիաներ և հափշտակություններ՝ թե գործիքների, թե հումքի տեսքով) ջրի երես հանել, Խաչիկ Ստամբուլցյանը դրանում համոզված է, քանի որ գործարանում հաճախ փոխվել են սեփականատերերը: Այսպիսով՝ պարոն Ստամբուլցյանը չբացառեց, որ հրդեհի միջոցով փորձ է արվել մաքրել հետքերը, սակայն մեր զրուցակիցը չցանկացավ մանրամասներ նշել և հետևությունները թողեց ընթերցողին:
