Տեղեկացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին
Ամերիկացի դիվանագետ Էնդրյու Շոֆերը պաշտոնապես ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի պաշտոնը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հեզեր Նոյերթի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին՝ օգնելու կողմերին հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու խաղաղ կարգավորման: Ինչպես նշվում էր հունիսի 19-ի և հուլիսի 6-ի հայտարարություններում՝ ԱՄՆ-ն աջակցում է խնդրի արդար կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ինչը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների մասին: Էնդրյու Շոֆերն ակնկալում է աջակցել կողմերին հասնելու այս նպատակին»,- ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակի հայտարարության մեջ: Ինչպես նշվում է՝ Շոֆերի կողմից պաշտոնը ստանձնելու վերաբերյալ պաշտոնապես տեղեկացվել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին:
