Մարտուն Գրիգորյանը 18-ամյա որդուն ամուսնացնում է. Հրապարակ
Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի կունենա «Տրանս Ակնթարթ» ընկերության սեփականատեր, նախկին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու հարսանիքը: Գրիգորյանների ընտանիքի մտերիմների տեղեկություններով՝ հարսանիքի նախապատրաստական աշխատանքներն ամիսներ են տևել եւ նախապես որոշվել է այն անցկացնել Գյումրիում վերջերս բացված՝ թանկ հյուրանոցառեստորանային համալիրներից մեկում՝ «Իմպերիալ»-ում: Խոսվում է, որ հարսանիքին ներկա է գտնվելու նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ 18-ամյա որդին՝ Կամոն դեռևս ուսանող է: Գյումրեցիները կես կատակ կես լուրջ ասում են՝ «Մարտունիկը տղուն ամուսնացնե գը, որ բանակ չտանեն»: Մի կողմ թողնելով կատակը՝ նկատենք, որ Կամո Գրիգորյանն իսկապես զորակոչային տարիքում է: Ի դեպ, նա եւ ապագա կինը՝ Ռուզաննան, ով նույնպես գյումրեցի է, նույն տարիքի են, նշանադրվել էին տարեսկզբին: Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի որդու շուրջ հաճախ են սկանդալային խոսակցություններ պտտվել, թեև դրանք հիմնականում հերքվել են: Իսկ ահա այս տարվա փետրվարին մենք անդրադարձել էինք Գյումրու Սախարովի հրապարակում Կամո Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին, որն ամեն կերպ՝ դեռևս պատգամավոր հայրը կոծկեց: Այս մասին գրում է Հրապարակը:
