Նիկոլը կգնա Պուտինի դուռը. Կորսված երեք ամիս

Ամենայն հավանականությամբ առաջիկայում Մոսկվային կհաջողվի նոր եռակողմ հանդիպում կազմակերպել: Փաշինյանը վստահաբար հասկացել է, որ ընդդեմ Մոսկվայի դեմարշը կարող է շատ թանկ նստել, և արևմուտքի հետ խաղերը մի կողմից նյարդայնացնում են ռուսական կողմին, իսկ մյուս կողմից էլ` Արցախի ապաշրջափակման ու անվտանգության հարցերը չեն լուծում:

Ի՞նչ շահեց Փաշինյանը երեք ամիս հետաձգելով ռուսական կողմի բանակցությունները` պարզ չէ: Փաստն այն է, որ Արցախը չի ապաշրջափակվել, իսկ Բաքուն ավելի ու ավելի սպառնալիքներով է խոսում Հայաստանի հետ:

Ինչպես ասում են` հետևությունները թողնենք Փաշինյանին...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա, երեկ մամլո ասուլիսում հայտնեց Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով, թե 2022թ. դեկտեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ՌԴ մայրաքաղաքում ոչ թե չեղարկվել է, այլ՝ հետաձգվել. - «Այդ իրավիճակում պետք էր, որ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը լինի Երևանում»։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին երեկ համապատասխան հարցին ի պատասխան հայտնել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոսկվա նախապատրաստվում է։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը նաև հայտնեց, որ հայկական կողմն օրերս Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը, թեև առանց որևէ հստակության, ասաց, թե որոշակի առաջընթաց տեսնում է, միևնույն ժամանակ, շտապեց հավելել՝ բանակցային ճանապարհին ի հայտ են գալիս ֆունդամենտալ խնդիրներ։ Ըստ նրա` Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպել, Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ ձեռքբերել, ինչն, ըստ վարչապետի, հայկական կողմի համար կարմիր գիծ է։ «Համենայնդեպս դա մեր մեկնաբանությունն է, որովհետև հասկանալիորեն Ադրբեջանի առաջարկներում գրված չէ, որ սույն պայմանագրով Ադրբեջանը ստանում է Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մանդատ և թույլտվություն: Հասկանալի է, չէ՞, որ այդպես գրված չէ, սա մեր ընկալումն է, մեր մեկնաբանությունն է, որ բնականաբար, չի կարող հիմնազուրկ լինել: Եթե անհրաժեշտության դեպքում պետք լինի հիմնավորել, դա անհրաժեշտ է հիմնավորել, և եթե ես սա ասում եմ, նշանակում է՝ համոզված եմ», - ասաց վարչապետը:

Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չլինի։ Դա նույնպես Երևանի համար կարմիր գիծ է, ընդգծեց Փաշինյանը. - «Ինչո՞ւ նաև, որովհետև մենք այսօր ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվել: Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է»:

Իսկ ի՞նչ առաջընթաց է տեսել Փաշինյանը Բաքվի արձագանքում և կոնկրետ ո՞ր հացերի շուրջ կողերը համաձայնության չեն գալիս, հետաքրքրվեցինք վարչապետից։ Փաշինյանը փակագծերը չբացեց, քանզի ճիշտ չի համարում առանձին պարբերության քննարկումը։ Վարչապետը վերստին հայտարարեց՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի անհրաժեշտության մասին՝ կրկին առանց հստակություն մտցնելու, թե ինչ է իրենից ենթադրում դա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Բեռլինում հանդիպեց կանցլեր Օլաֆ Շոլցին։ Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պետք է հաշվի առնվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը, ասել է Գերմանիայի կանցլերը: «Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը խաղաղ լուծում գտնի… Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ նկատի ունեմ, որ պետք է հաշվի առնվի և ապահովվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

Իսկ ահա, Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը: «Հիմա եկել է խաղաղության ժամանակը: Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա: Հույս ունեմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը և Հարավային Կովկասում կգա խաղաղության և համագործակցության ժամանակը»,- ասել է Ալիևը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ հանդիպումից հետո: Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. բաց է թողել խաղաղություն կնքելու պահը՝ «տարածքային պահանջներ ներկայացնելով Ադրբեջանի նկատմամբ»: «Պետք է նշեմ, որ, ցավոք, ժամանակին Հայաստանի վարչապետը բաց թողեց խաղաղության հնարավորությունը: 2019թ. վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ինչը փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղության բանակցությունների գործընթացին: 44-օրյա պատերազմի ժամանակ մենք ապացուցեցինք, որ Ղարաբաղն Ադրբեջան է և նոյեմբերի 7-ին Շուշիում դրեցինք բացականչական նշան»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Շոլցին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում:

Միևնույն ժամանակ մամուլի համատեղ ասուլիսում Շոլցն ասել է, որ Ադրբեջանը կարող է օգնել դիվերսիֆիկացնելու Եվրոպային էներգակիրների մատակարարումները, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

Ալիևը հանդիպել նաև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Վերջինս, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, ասել է, թե Գերմանիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հույս հայտնելով երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը։ Նա ասել է, որ Գերմանիան, որպես ԵՄ անդամ երկիր, պաշտպանում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ խաղաղության բրյուսելյան օրակարգը, հուսալով, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ Գերմանիայի նախագահը ևս մեկ անգամ հայտնել է իր երկրի աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Գերմանիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի անկայուն իրավիճակով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Բեռլինում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը կայուն չէ և հղի է հետագա սրացումների ռիսկերով», - նշել է նա։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին Գերմանիայում էր նաև Փաշինյանը: Նրա հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը կարևորում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Բեռլինում Փաշինյանի հետ բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում խոսելով հայ - ադրբեջանական կարգավորումից, Օլաֆ Շոլցը երկու անգամ շեշտեց՝ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։ «Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անկայուն և Լեռնային Ղարաբաղում գնալով սրվող հումանիտար իրավիճակից: Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են», - հայտարարեց կանցլերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5247 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am