Սերժ Սարգսյանը հաստատեց՝ համաձայնագիրը ստորագրվելու է
Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնել է Սերժ Սարգսյանը՝ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով ճամբարականների հարցերին: «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչու՞ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետև փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, և դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք: Որոշ՝ հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերը՝ 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն են և պարզապես ծիծաղելի: Մենք բանակցում էինք և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, և՛ Եվրամիության հետ, որովհետև ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»,- ասել է նա։
