Նաիրիտում պայթել է վտանգավոր նյութերով արտադրամասը. որն է պատճառը. Lragir.am
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների տվյալներով՝ պայթյունն ու հրդեհը բռնկվել է գործարանի 2/11 արտադրամասում, որը պայթյունավտանգ արտադրամաս է համարվում: Այս մասին Lragir.am-ին տեղեկացրին գործարանի նախկին աշխատակիցները՝ կարծիք հայտնելով, որ հավանաբար վերահսկողության թուլացման հետևանքով է այս աղետը գրանցվել: Այս արտադրամասում լաքէթինոլ նյութն է, որը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: «Մեզ տեղեկացրին, որ 2/11 արտադրամասում է հրդեհը: Դա պայթյունավտանգ ու երկրորդական արտադրամաս է համարվում: Դա այն արտադրամասերից մեկն է, որի պետերից մեկին հեռացրեցին աշխատանքից: Հուլիսի 1-ից 20 մարդ ևս հեռացրին աշխատանքից, նրանք երկրորդական արտադրամասերի պետեր էին: Բայց այդ մարդիկ շատ կարևոր աշխատանք էին կատարում»,- ասաց «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը: Թե ինչից կարող էր բռնկվել հրդեհը, գործարանի նախկին աշխատակիցները տարբեր վարկածներ են քննարկում: Նրանց խոսքով՝ հայտնի չէ՝ ազո՞տն է պակաս մատակարարվել, թե արտադրամասում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել, որոնք կարող էին հրդեհի պատճառ դառնալ: Նշենք, որ Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը մի քանի ամիս է վաճառքի է հանել գործարանի գույքը: Այն վաճառվում է մետաղի ջարդոնի անվան տակ՝ շուկայականից էժան գնով: «Եթե 2/11 արտադրամասում ապամոնտաժման աշխատանք կատարվի՝ կտրելու և այլն, անգամ կայծերի արդյունքում հնարավոր է, որ այդ իրավիճակն ստեղծվեր: Այդ աշխատակիցներն իզուր չէր, որ մինչև հիմա մնացել էին արտադրամասերում, նրանք հենց անվտանգությունն էին ապահովում, մասնագետներ էին», ասաց նախկին նաիրիտցիները:
