Հաց արտադրողները պատրաստվում են բողոքի ակցիայի՝ ընդդեմ ՍԱՊԾ-ի. Հետք
Օգոստոսի 28-ին հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության շենքի դիմաց: Պատճառը հաց և հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման սեղմ ժամկետն է: Բանն այն է, որ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր պայման է դառնալու սեպտեմբերի 1-ից, ինչին հաշված օրեր են մնացել: Եթե ժամկետից ուշանան, կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Այս մասին «Հետքին» հայտնել է հացարտադրողներից մեկը, ով խնդրել է չհրապարակել անուն-ազգանունը: Վերջինս եւս մասնակցելու է բողոքի ակցիային: Այս տարվա մարտի 14-ին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը: Հարցին, թե արդյոք դեռ այն ժամանակ տեղյակ չէին ժամկետների մասին, մեր զրուցակիցն ասում է. «Մի քանի ամիս առաջ, կարծեմ, մարտի սկզբին էր, ՍԱՊԾ-ից եկան, իրենց պայմանները դրեցին, արտադրամասը վերանորոգեցինք, մեքենաները նայեցին, ասացին՝ բոլորը համապատասխանում են: Խնդիրն այն է, որ սկզբից կոնկրետ բան չեն ասել (սանիտարական անձնագրերի մասին նկատի ունի- հեղ.), թռուցիկ զգուշացրել են ու օգոստոսի 1-ից ասել են, որ եթե չհասցնեք մինչև սեպտեմբերի 1-ն անձնագրերը հանել, տուգանելու ենք»: Ավելին՝ այստեղ
