Տեխասն սպասում է տարերքի նոր հարվածներին և Թրամփի այցին
ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատրաստվում է սաստիկ անձրեւների եւ հեղեղումների նոր ալիքին «Հարվի» ուժգին փոթորկից հետո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է օգոստոսի 29-ին այցելել Տեխաս, ինչի մասին օգոստոսի 27-ին հայտնել է նրա մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) հաղորդել է, որ «Հարվի» արեւադարձային փոթորիկն օգոստոսի 27-ին աղետալի հեղեղումների է հանգեցրել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հյուսթոնում: Նրանց տվյալներով՝ Հյուսթոնի որոշ շրջաններում տեղումները կազմում են ավելի քան 76 սանտիմետր, եւ մոտ ժամանակներս այդ թիվը կմեծանա: «Հարվին» դարձել է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
