Նոր մանրամասներ Երևանում ինքնասպան եղած աղջկա մասին
Երևան քաղաքի Կիևյան կամրջից օգոստոսի 24-ին նետված աղջիկը հիվանդանոցում մահացել է: Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել հիվանդանոց: hayeli.am-ի տեղեկություններով աղջիկը ոչ թե 20 տարեկան էր, այլ՝ 17: Մահացած Տաթև Սիմոնյանը սովորում էր ավագ դպրոցում, ուներ բարձր առաջադիմություն: Մեր լուրերով նա ապրում էր հասարակ ընտանիքում, ուներ ավագ եղբայր (երկու երեխա էին՝ ինքը և եղբայրը): Ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, աղջիկը տանից դուրս է եկել 15:00-ի կողմերը: Նշենք նաև, որ դեպքից երկու օր առաջ ընտանիքը նշել էր Տաթևի հոր 50-ամյակը, նա ունեցել է շատ բարձր և ուրախ տրամադրություն: Սակայն ինքնասպանության մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն: Այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի կունենա Տաթև Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը:
