ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի եւ Երեւանի դեսպանատներում
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին պատրաստ է ամերիկյան մուտքի վիզաներ տրամադրել, եթե վերջինները դիմեն Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատուն։ ԱՄՆ դեսպանատանը հայտարարել են, որ երրորդ երկրների քաղաքացիներին վիզաներ տրամադրելը սովորական աշխատանքային գործընթաց է։ Նշվում է, որ ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Վրաաստանի քաղաքացիները, կարող են 8 օրվա ընթացքում վիզա ստանալ։ Նշվում է, որ այդ հնարավորությունը կարող է հետաքրքրել Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի բնակիչներին։ «Ազատություն ռադիո»-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի մուտքի վիզա ստանալ աշխարհի այլ երկրների,նաեւ Երեւանի ամերիկյան դեսպանատներից։ Օգոստոսի 23-ին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրելը՝ ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի անձնակազմի թիվը կրճատելու ՌԴ իշխանությունների որոշման։
