31-ամյա վարորդը Արմավիրի մարզում Mercedes-ով բախվել է գազատար խողովակների սյուներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Ոսկեհատ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հակոբ Հովհաննիսյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 86 ՕQ 086 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Մասիս-Ոսկեհատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակների հենասյուներին և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրակարարական ջոկատը։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Էջմիածնի տարածքային տեղամասային ծառայության աշխատողները՝ ինժեների գլխավորությամբ։ Ժամանել են նաև էլեկտրոցանցի ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
