«Ադրբեջանն ավելի լավ է զենք գնի Ռուսաստանից». Իսագուլյան
Այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ որևէ տարօրինակ բան չկա Մինսկի խմբի ամերիկացի ներկայիս համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ: Ըստ նրա՝ այն ժամանակ, երբ հանդիպումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում քննարկվում է ԼՂ հիմնախնդիրը, համանախագահող երկրների տարբեր ներկայացուցիչներ համատեղ հայտարարություններ են անում. «Հոգլանդի վերջին հայտարարությունը չի բացառվում, որ պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Սոչիում Պուտինի հետ։ Համանախագահող երկրների ներկայացուցիչներն ամեն անգամ փորձում են հիշեցնել հետևյալը՝ հարցի քննարկման ժամանակ նկատի ունեցեք մեզ և մեր տեսակետը, և հնչեցնում են ինչ-որ տեսակետ, որն ընդհանուր է, որը 1992 թվականից մինչև հիմա լուրջ փոփոխության չի ենթարկվել»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը: Անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքին՝ ասաց, որ Ադրբեջանը հնարավորություն ուներ եւ կարող էր զենք գնել ցանկացած մեկից. «Իսրայելից գնած զենքի քանակը չի զիջում ՌԴ-ից զենքի գնման քանակին, մոտ 5 մլրդ դոլարի զենք Ադրբեջանը գնել է Իսրայելից, հնարավորություն ուներ գնել Պակիստանից, Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից: Այդ պարագայում մենք որեւէ երկրի հետ կոշտ խոսելու իրավունք չունենք: Երբ Ռուսաստանն է կատարում այդ գործարքն Ադրբեջանի հետ, Հայաստանը, որպես ռազմավարական գործընկերոջ, այդ հարցը բավականին սուր բարձրացնում է ՌԴ-ի առաջ եւ սա պատճառ է դառնում, որ Հայաստանը կարողանա այդ զենքը ձեռք բերել միանգամայն ուրիշ գներով»:
