ՀՀ իշխանությունները ոգևորվել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցը շատ էր ոգեւորել ՀՀ իշխանություններին: Իր հյուրի հետ հանդիպման ժամանակ՝ երեկ, Սերժ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ ընդգծելով. «Մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները:...Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր:...Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»: Սերժ Սարգսյանի այս ոգևորությունը, մեղմ ասած, անհասկանալի է, թեկուզ և այն առումով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու միլիարդանոց նախագծերը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առեւտրին, ապա այն գնալով միայն նվազում է»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
