Կքանդեն նաև մեր տունը
«Ինձ համար ամբողջ կյանքում գրադարանը եղել է երկրորդ հայրենի տունը, իսկ օտարության մեջ` Վենետիկում՝ առաջինը: Այն փաստը, որ իմ անունն է կրում քաղաքի առաջին մասսայական գրադարանը, անչափ ուրախացնում է ինձ: Ես միշտ գիրքը սրբություն եմ համարել, գրադարանը՝ յուրատեսակ սրբավայր: Ես կանեմ ամեն ինչ, որ Ձեր այս հրաշալի գրադարանում մշտապես զգացվի հայ բազմադարյան գրականության շունչը: Ձեր գրադարանին մաղթում եմ երկար ու բարի ուղի, թող այն լինի հավիտյան, ինչպես որ հավիտյան է գիրքը»,-ասել է հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը: Ներկայումս Ամիրյան 2 հասցեում ապամոնտաժվում է Երևանի մշակութային արժեքներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածը։ 2009-ին, երբ գրադարանի շենքն ապամոնտաժեցին, ճակատային հատվածը պահպանվեց որպես մշակութային արժեք: Արդեն տեղեկացրել ենք, որ պահպանված այդ հատվածի շուրջը կառուցվելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ իր հարկաբաժինն է ունենալու նաև գրադարանը: «Հանուն օրենքի» հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանն ահազանգ է հնչեցնում, որ քանդում են շենքի ճակատային հատվածը: Հայելի. am-ի թղթակցի հետ զրույցում Արման Ղուկասյանը նշեց, որ իրենք պայքարելու են, որպեսզի պահպանվի շենքի ճակատային հատվածը: Ղուկասյանը տեղեկացրեց, որ երիտասարդներն Ամիրյան 2 հասցեում հերթապահություն են սահմանել: «Մենք մեր լուման պետք է դնենք քաղաքի մշակութային դեմքը պահելու համար: Ստացվում է, որ այս քաղաքում մենք կարող ենք առավոտյան զարթնել և տեսնել, որ քանդել են ասենք՝ Ազգային պատկերասրահը, Թումանյանի թանգարանը, Օպերայի շենքը և միգուցե նաև մեր տունը: Դրա համար էլ մենք ամեն օր 10:00-ից հավաքվելու ենք գրադարանի շենքի մոտ ու թույլ չենք տալու քանդել այն»,- ընդգծում է ակտիվիստը: Ակտիվիստը նշում է, որ կամաց-կամաց պետք է պայքարի տեմպերը ավելանան, քանի որ քաղաքի շատ կարևոր մշակութային արժեքները այդպես էլ չի հաջողվել փրկել: Աստղիկ Ավագյան
