Երկու թատերաբեմում. Ինչու հրդեհի ժամանակ ուշ դիմեցին ՌԴ-ին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Խոսրովի արգելոցի եւ Արտավանի հրդեհների մարման գործընթացի մասին ասաց, որ իրենք գործում էին, ռազմական լեզվով ասած, երկու թատերաբեմում: «Լուծումը որոշակի ժամանակ էր պահանջում՝ ինչպես ցանկացած ռազմական գործողություն: Որոշ եզրակացություններ արվել են, ներկայացվել են հանրապետության նախագահին եւ վարչապետին, մեր հագեցվածությունը բարձրացնելու առումով»,- մանրամասնեց արտակարգ իրավիճակների նախարարը: Ինչպես ներկայացրեց՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ օգտագործվել են զինված ուժերի տեխնիկական միջոցներն ու անձնակազմը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի տրամադրած ինքնաթիռի համար վարձատրությանը, նախարարն ասաց, որ նման բան չի լինելու, դա ՌԴ-ի օգնությունն էր Հայաստանին, լինելու են պարզապես որոշ ապահովման ծախսեր: «Ժամանակի առումով հաշվարկներն իրականացվել են եւ այդ պահին էլ դիմել ենք, եւ շատ կարճ ժամանակահատվածում ստացել ենք աջակցությունը, որովհետեւ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու: Երբ որ սկսվեցին այրվել անտառները, այլ ոչ թե խոտածածկ տարածքները, միանգամից դիմեցինք»,- տեղեկացրեց նա:
