Երևան-Աշխաբադ ուղիղ չվերթի իրականացման հնարավորությունը
Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները քննարկել են երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը, բանակցությունների արդյունքներում ԶԼՄ-ների համար արված հայտարարությունում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է նախագահի մամուլի գրսանյակը: «Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով մենք պատրաստ ենք տրամադրել մեր թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ», - ասել է Սերժ Սարգսյանը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ զբոսաշրջությունը հանդիսանում է փոխճանաչումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային, տնտեսական և հումանիտար համագործակցությունը խթանող կարևոր միջոց: Նրանք համաձայն են մշակել այդ բնագավառում երկկողմ փոխգործակցության ակտիվացման ուղիներ և ուսումնասիրել զբոսաշրջիկների և գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները:
