Այդ մարդիկ հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր հայացքների համար. ՄԻԵԴ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ՄԻԵԴ-ը գրանցել է «Ժառանգության» անդամներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Հիմնադիր խորհրդարանի գաղափարակից Վահագն Ղումաշյանի գանգատները։ Նրանք 2016-ի ամռանը Սարի թաղի դեպքերից հետո կալանավորվել էին: «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ-ն դիմումի հիմքում դրել է անօրինական խափանման միջոցի հարցը՝ Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտումը։ «Մենք ներկայացրել ենք, որ պետությունն ունեցել է այլ նպատակներ․․․ Այդ անձինք ենթարկվել են պատժի և քրեական հետապնդման, քանի որ հանդգնել են իրենց ընդդիմադիր հայացքները բարձրաձայնել»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։ Դիմումները բավարարվելու դեպքում նշված անձինք փոխհատուցում կստանան, և «պետության առաջ խափանման միջոցներ կիրառելու պրակտիկայի վերանայման պահանջ կդրվի»»։ Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
