Թեհրանը շտապում է, քայլեր է սպասում Սերժ Սարգսյանից

Երևանն ու Թեհրանը բանակցում են Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալները 2,5 անգամ մեծացնելու շուրջ, հնարավոր է՝ նոր համաձայնագրով հայկական կողմը Իրանին վճարի ոչ թե էլեկտրաէներգիայով, այլ դրամով, ինչը թույլ կտա իրանական գազը հասցնել հայաստանյան սպառողներին՝ բնակիչներին և ձեռնարկություններին: Իրանական «Շանա» լրատվական գործակալության հետ զրույցում այս մասին օրերս հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության միջազգային համագործակցության ղեկավար Բեհզադ Բաբազադեհը՝ ներկայացնելով մի քանի այլ ուշագրավ մանրամասներ ևս: Ըստ այդմ՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով պայմանավորվածության շրջանակում Հայաստան իրանական գազի արտահանման առավելագույն ծավալը օրական 1 միլիոն խորանարդ մետրից պակաս է, և հայկական կողմն առաջարկել է ավելացնել ներկրվող իրանական գազի ծավալը, այն հասցնելով օրական մինչև 2 կամ 2,5 միլիոն խորանարդ մետրի: Իրանի ազգային գազային ընկերությունն այժմ քննարկում է այդ առաջարկը: Իհարկե, ընկերությունը նախընտրում է ուղղակի պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ գազի առաքման ծավալները մեծացնելու համար, որպեսզի լրացուցիչ գազի դիմաց վճարվի ուղղակիորեն, ասել է Բեհզադ Բաբազադեհը: Հարցին՝ ծրագրու՞մ եք նոր համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, նա դրական պատասխան է տվել․ «Այո, մենք քննարկումներ ենք ունեցել այդ կապակցությամբ: Իհարկե, Հայաստանը նախընտրում է ռուսական գազի զեղչված գինը, որը ցածր է և մեզ համար անընդունելի»: Բաբազադեհը, միաժամանակ, ընդգծել է՝ Հայաստանի հետ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համաձայնագիրը կպահպանվի: ««Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ու Հայաստանի կառավարությունների միջև, այն կպահպանվի: Բայց եթե Հայաստանը շահագրգռվածություն է ցուցաբերում Իրանից ավելի շատ գազ ստանալու հարցում, Իրանի ազգային գազային ընկերությունը, որպես գազի առևտրով զբաղվող սուբյեկտ, կցանկանար այդ հարցով առանձին համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի գազի արտահանման դիմաց մենք դրամ ստանանք»,- նշել է Բեհզադ Բաբազադեհը: Այս ամսվա սկզբին Թեհրան կատարած այցին ընդառաջ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, թե Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա գազի տարանցման հարցը ներկայումս փորձագիտական քննարկումների փուլում է: Իրանական «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցում Սարգսյանը, մասնավորապես, նշել էր․ «Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա ինչու՞ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք՝ մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»: Օրերս Իրանի նախագահի խորհրդական, առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանն է հանդես եկել Հայաստանի հետ հարաբերությունների թեմային` փաստելով, որ Հայաստանն Իրանի համար կամուրջ է Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար: Ռոհանիի խորհրդականն ընդգծել է, որ Հայաստանը որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մաս իրանցի գործարարների համար հանդիսանում է կամուրջ Եվրասիայի ու Եվրոպայի շուկաներ մուտք գործելու հարցում: «Հայաստանը պայծառ ապագայով երկիր է, և նրա տնտեսական ու առևտրային հարցերով պաշտոնական դեմքերն ունեն մինչև 2035 թվականը զարգացման հիանալի ծրագիր»,- ասել է Թորքանը՝ Հայաստանում բնակվող իրանցի գործարարների հետ հանդիպմանը: Թորքանն Իրանի կառավարական և մասնավոր հատվածներին կոչ է արել օգտվել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունից և բիզնես վարել երկրի հետ, միաժամանակ օգտագործել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Եվրասիայի 180 միլիոնանոց և Եվրոպայի շուկաներ մուտք գործելու համար, ինչպես նաև իրանական ապրանքներն ու ծառայություններն արտահանել այդ շուկաներ: Իրանական Արաս տնտեսական գոտու պատվիրակությունը նախագահ Հասան Ռոհանիի խորհրդականի գլխավորությամբ ժամանել է Հայաստան եռօրյա այցով: Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, ինչպես նաև փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ: Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը ստորագրել են հուշագիր, որի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն ու սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը առաջնահերթ հիմնված է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև 2000 թվականին ստորագրված համաձայնագրի վրա: 7200 կմ երկարությամբ միջանցքը Եվրոպան կապում է Հնդկաստանի և Պարսից ծոցի երկրների հետ՝ օգտագործելով ծովային, ավտոճանապարհային և երկաթուղային տրանսպորտը: Հիշեցնենք, որ Իրանի նավթի նախարարության պաշտոնյան դեռ անցած տարի հայտարարել էր, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խմ գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Անցած տարի բավականին ակտիվ քննարկվում էր Հայաստանի տարածքով իրանական գազը դեպի Վրաստան արտահանելու տարբերակը: 2016թ․ հունվարին Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին անգամ հայտարարեց, որ Թեհրանն ու Թբիլիսին նախնական պայմանավորվածության են եկել Հայաստանի տարածքով տարեկան մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ Վրաստան արտահանելու հարցի շուրջ: Սակայն բանակցություններն առ այսօր որևէ արդյունքի չեն հանգեցրել: Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման հարցին նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իրանական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Իռնա» գործակալության հետ զրույցում: «Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը կարևոր է ոչ միայն տնտեսական շահավետության առումով, այլև երկու երկրների էներգետիկ անվտանգության տեսակետից: Ներկայումս գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները սահմանափակվում են երկու երկրների միջև առկա էլեկտրահաղորդման գծերի թողունակությամբ, որի բարձրացման ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման միջոցով: Այս ասպարեզում ծրագրերի իրականացումը կընդլայնի ոչ միայն համագործակցությունը էլեկտրաէներգետիկ ոլորտում, այլ նաև թույլ կտա զարգացնել համագործակցությունը գազի ներկրման և հետագայում գուցե նաև տարանցման ուղղությամբ: Հարկ է նշել, որ կա նաև Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ծրագիր»,- ասել էր Սարգսյանը: Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման ու խորացման նախադրյալներն առավել քան իրական են: Ակնհայտ է, որ Թեհրանը հետաքրքրված է ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ առևտրային ռեժիմով հարաբերություններով: Բացի այդ Թեհրանը գիտակցում է ամենակարևորը, որ Հայաստանն ամենակարճ և անվտանգ ցամաքային ճանապարհն է Իրանի համար դեպի Եվրոպա։ Մանավանդ հիմա, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ նոր փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել, իրանական կողմի համար, սա ևս, որոշակի գործոն է: Մնում է Հայաստանը կարողանա գործնականում դառնալ վստահելի գործընկեր տարբեր ոլորտներում թե՛ Թեհրանի, թե՛ ԵՄ-ի համար: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
53 մլն դրամ պարտավորություն և 55 մլն դրամ ավանդ․ ի՞նչ ունեցվածք ունի ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը Ո՞ր հայազգի գործիչն է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. «Փաստ» Մեծ խաղ, փոքր պատրանքներ. «Փաստ» ՔՊ շարքերում չեն հավատում Փաշինյանի խոստմանը. «Հրապարակ» Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու. «Հրապարակ» Անվտանգային վակուում. ի՞նչ է սպասվում Հայաստանին առանց Ռուսաստան. «Փաստ» Եվրոպական խոստումներ՝ փակ դռների ֆոնին. «Փաստ» Ինչպես կսկսեն քաղաքական ուժերն իրենց նախընտրական քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔՊ-ական քաղաքապետ Տավրոս Սափեյանին կպատժե՞ն. «Հրապարակ» Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am