Ինչու շրջանառության մեջ դրվեց մեկ ամիս առաջ պատգամավորի և քրեական հեղինակության միջև միջադեպի մասին լուրը
«Փաստինֆո»-ն գրում է. Ինչն է պատճառը, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի աշխատասենյակում տեղի ունեցած ենթադրյալ միջադեպը հիմա է շրջանառության մեջ դրվել, ո՞ւմ կողմից եւ ի՞նչ նպատակ է հետապնդում: Օրեր առաջ կայքերից մեկը շրջանառության մեջ դրեց, թե քրեական աշխարհում հայտնի մի խումբ անձինք այցելել են ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (առավել հայտնի Շշի Մելոյի անվամբ) աշխատավայր և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը: Նույն այդ լուրերի համաձայն՝ պատգամավորը մերժել է առաջարկը, ինչն էլ պատճառ է հանդիսացել փոխադարձ վիրավորանքների, ապա նաև՝ ծեծկռտուքի: Նշվում է նաև, որ վիճաբանության ժամանակ, որտեղ ներկա է եղել «օրենքով գող», վերջինս սեղանին դրած շշով հարվածել է պատգամավորի գլխին, սակայն «գողականները» ևս «դաս են ստացել» Մանուկյանի աշխատակիցների կողմից: Իսկ մեկ այլ լրատվամիջոցի տեղեկություններով էլ՝ դեպքը տեղի է ունեցել 1 ամիս առաջ: ԱԺ պատգամավորին իր իսկ աշխատասենյակում հարվածողն էլ եղել է քրեական հեղինակություն ազատանցի Պետոն, ով Օշականցի օրենքով գող Գևորիկի և օրենքով գող Զապի մտերիմ ընկերն է: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նախօրեին ոստիկանությունից հայտնեցին, որ նման միջադեպի մասին ահազանգ չեն ստացել, իսկ այսօր արդեն պարզ դարձավ, որ ոստիկանապետը հանձնարարարել է ստուգել շրջանառվող տեղեկությունները։ Իսկ մինչ ոստիկանությունը փորձում է պարզել ինչ է կատարվել կամ ինչու է կատարվել՝ փաստենք, որ վերջին շրջանում քրեական աշխարհում բավականին անհանգիստ մթնոլորտ է տիրում: Քրեական տարրերը ինչ-որ բան չեն կիսում, համենայն դեպս վերջերս ընդհարումներ տեղի ունեցան միանգամից երկու քաղաքում՝ Վանաձորում և Գյումրիում։ Վանաձորում փորձեցին սպանել քրեական աշխարհում հայտնի Շալիկո Մանուչարյանի մտերիմ Էդմոն Հարությունյանին և հիմնական կասկածյալը հանցավոր աշխարհում հայտնի «Յոժ»-ն է՝ Արման Շահինյանը, Գյումրիում տեղի ունեցած ընդհարման գործով կալանավորվել է օրենքով գող Զապի մտերիմ Արտյոմ Ղազարյանը: Իսկ մինչ այս բախումները՝ տրվել էր «Դոն Պիպոյին»` նույն ինքը Արթուր Ասատրյանի սպանության պատվերը, որը ձախողվեց դեռ չիրականացած։ Ըստ տեղեկությունների՝ հենց Ա. Ասատրյանն է բացահայտել իր սպանությունը նախապատրաստող խմբին եւ քրեական գործը գործով քննությունն այս պահին իրականացնում է ԱԱԾ-ում: Ընդ որում՝ այս գործով որպես սպանության պատվիրատու շրջանառվում էր օրենքով գող Արտյոմ Կանևսկոյի անունը։ Վերջինս նաև հարցաքննվել է։ Կայքի տեղեկություններով, այս տարի ապրիլին էլ ծրագրված է եղել նաև օշականցի Գևորիկի սպանությունը, որը նույնպես ձախողվել է դեռ մշակման փուլում։ Կարծես թե՝ հանցավոր աշխարհում խմորումներ են տեղի ունենում, եթե չասենք՝ վերադասավորումներ։
