Թուրքիան և ՌԴ-ն աշխատում են վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ
Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը ելույթ ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական համագործակցությանը: «Այն հանգամանքը, որ այս տարի Ռուսաստանի Դաշնությունը մասնակցում է այս միջազգային տոնավաճառին որպես գործընկեր երկիր, իրականում ցույց է տալիս, թե որքան զարգացած են ռուս-թուրքական հարաբերությունները: Այս տոնավաճառին Ռուսաստանի՝ որպես գործընկեր երկրի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել էր դեռևս Սոչի կատարած մեր այցելության ժամանակ՝ նախագահ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից»,- հայտարարել է Չավուշօղլուն: Թուրք նախարարը նշել է, որ երկու երկրները ամեն ջանք գործադրում են՝ տնտեսական համագործակցությունից բացի, նաև քաղաքական դաշտում երկկողմ հարաբերությունները կատարելագործելու համար: «Մենք հզորացնում ենք տարածաշրջանային խնդիրների շուրջ համագործակցությունը: Այդ խնդիրներից մեկն էլ Սիրիան է: Սիրիական հարցում ռուս-թուրքական համագործակցության շնորհիվ այսօր թեկուզ դժվարությամբ, բայց քայլեր են կատարվել զինադադարի հաստատման ուղղությամբ»: Չավուշօղլուն հավելել է, որ այս տարի Իզմիրի տոնավաճառի հիմնական թեման նորարարությունն ու էներգետիկան է, և ընդգծել, որ էներգետիկ ոլորտում Ռուսաստանը Թուրքիայի կարևորագույն գործընկերն է: Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել է նաև, որ տոնավաճառի շրջանակներում երկու երկրները կքննարկեն մի շարք այլ ոլորտներում համագործակցության հարցը: Չավուշօղլուի խոսքով՝ կողմերն այս պահին աշխատանքներ են տանում նաև երկկողմ վիզային ռեժիմի չեղարկման ուղղությամբ, փոխանցում է Ermenihaber.am-ը։
