Դանակահարություն՝ ավազակային հարձակման ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: 2017թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 21:40-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի աջ կեսի և աջ գոտկային հատվածի ծակած-կտրած վերք, հետին անոթային գծով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1985թ.: Վերջինս հայտնել է, որ նույն օրը փողոցում իր պարանոցի շղթան գողանալու պահին փորձել է դիմադրել, որի ժամանակ էլ դանակահարվել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով: Տուժած քաղաքացին առայժմ ի վիճակի չէ ցուցմունքներ տալ։ Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
