Համաձայն չեմ, որ ՀՀ-ում մենաշնորհներն անխուսափելի են. դեսպան
Չի կարելի համաձայնել այն կարծիքին, որ Հայաստանի փոքրիկ տնտեսությունում մենաշնորհներն անխուսափելի են: Փետրվարի 23-ին OECD Մրցունակության ծրագրի շրջանակում կազմված Արեւելյան գործընկերության երկրներում փոքր եւ միջին բիզնեսի քաղաքականության ինդեքսի ներկայացման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, փոքր եւ միջին բիզնեսը (ՓՄՁ) Եվրամիության կողմից Հայաստանի աջակցության թիրախային ոլորտներից է: Աջակցության ծրագրերը ներառում են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող COSME միջազգային նախագիծը, ինչպես նաեւ Զարգացման գերմանական գործակալության ծրագիրը՝ չհաշված մի շարք այլ ծրագրեր: Ըստ դեսպանի, ՓՄՁ-ն կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ հաշվի առնելով հայերին հատուկ ձեռներեցությունը: «Ուրախ ենք, որ Հայաստանն օգտվեց հնարավորությունից եւ դարձավ COSME-ի մասնակից: Պատրաստ ենք միասին աշխատել նաեւ այդ ուղղությամբ»,- հավելեց նա: Ամեն դեպքում, ըստ Սվիտալսկիի, Հայաստանը իշխանությունները պետք է ընդունեն փաստը, որ չնայած ՓՄՁ-ի ոլորտում բարեփոխումների հաջողությանը, դրանք չեն արտահայտում հանրության բոլոր սպասելիքները: «Եթե դուրս գանք փողոց եւ հարցնեն անցորդներին, շատերը, ամենայն հավանականությամբ, կասեն. «Կարող էր ավելի լավ լինել»: Հայաստանը ինդեքսում լավ է ներկայացված, բայց հարկավոր է առաջ շարժվել եւ մտածել այն մասին, թե ինչ պետք է արվի»,- նկատեց նա: ՓՄՁ-ի համար բարենպաստ պայմանների ստեղծումը ոչ միայն նոր աշխատատեղեր ու եկամուտներ կապահովի, այլեւ կգրավի պոտենցիալ միջազգային ներդրողների ուշադրությունը: «Եթե նրանք տեսնենք, որ Հայաստանում ներդրում անելը հուսալի է, իսկ օրենսդրությունը՝ կանխատեսելի, կմտածեն, որ իրենց գալու ժամանակն է»,- ամփոփեց Սվիտալսկին:
