Պուտինը կանչում է Փաշինյանին ու Ալիևին. Ռուս-ամերիկյան անսպասելի շփում Մոսկվայում

Մոսկվան պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ կազմակերպելու մասին։ Այս հարցը նախօրեին քննարկվել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։

Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, հավելելով, որ այս համատեքստում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների հաջորդ փուլի համար։

Հունվարի 31-ին Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են հեռախոսազրույց ունեցել, որի ընթացքում անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Կառավարության աշխատակազմի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը:

«Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ»:

Նկատենք, որ հունվարի 30-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Կովկասում առճակատման հնարավորությունը վերացնելու ուղղությամբ, ընդգծելով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է հստակ հետևել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Մոսկվան ակտիվորեն աշխատում է Հարավային Կովկասում կուտակված կոնֆլիկտային ներուժը հաղթահարելու ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում առաջնահերթ խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է», նշեց ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով, - «վստահ ենք, որ գործընթացի հաջողությունը ամբողջությամբ կախված է եռակողմ հայտարարությունների դրույթների հստակ կատարումից»։

ՌԴ Արտգործնախարարության արձագանքը հրապարակվել է անցած տարեվերջյան ասուլիսում նախարար Սերգեյ Լավրովին տրված գրավոր հարցերին ի պատասխան։
Լրագրողներից մեկը, մասնավորապես, հետաքրքրվել էր՝ ռազմավարական ի՞նչ պլան է հետապնդում Ռուսաստանը Հարավային Կովկասում, և ի՞նչ նպատակներ է դնում իր առջև առաջիկա հինգ տարիների կտրվածքով։ «Ռուսաստանը, որ անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգիռ է, որպեսզի այստեղ կայունություն և բարգավաճում լինի», - արձագանքել է Արտգործնախարարությունը, մանրամասնելով՝ Մոսկվան հետաքրքրված է, որ բացահայտվեն և փոխշահավետ կերպով օգտագործվեն տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային և տեխնոլոգիական հնարավորությունները։ «Մեր դիվանագիտության ջանքերը հենց դրան են ուղղված», - հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև 2020-ի պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների շարքում առայժմ որևէ քայլ չի արվել տարածաշրջանի տրանսպորտային կապերն ու հաղորդակցության ուղիները բացելու ուղղությամբ։ Արդեն մոտ երկուսուկես տարի է՝ Ադրբեջանը հայտարարում է, թե այդ փաստաթղթերով Հայաստանը պետք է միջանցք տա դեպի Նախիջևան, Երևանն արձագանքում է, որ նման դրույթ որևէ փաստաթղթում չկա։ Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ արձանագրել է, որ նոր բացվող ճանապարհները պետք է լինեն այն երկրների իրավասության ներքո, որոնց տարածքով անցնում են։

Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե նպատակադրված է առաջ տանել նաև «3+3» հարթակը Այսօր, արձագանքելով տարածաշրջանային իրավիճակին, Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև հայտարարել է, թե «նպատակադրված է առաջ տանել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ 2021-ի դեկտեմբերին մեկնարկած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը»։ «Դրական և պատեհաժամ ենք համարում այդ ձևաչափը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության ամրապնդման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների», - պնդել է պաշտոնական Մոսկվան։

Հիշեցնենք, որ առայժմ այս ձևաչափով միայն մեկ նիստ է կայացել, որին, սակայն, Վրաստանը հրաժարվել է մասնակցել՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների պատճառով։ Երևանն էլ ընդգծել էր, որ հետաքրքրված է, պայմանով, որ այստեղ չեն բարձրացվելու հարցեր, որոնք հայկական կողմը քննարկում է այլ ձևաչափերում։
Լավրովին նաև հարց է ուղղվել՝ արդյոք ռուսական կողմը մասնակցում է վերջին շրջանում կրկին ակտիվացած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում։ «Մենք երկուսի հետ էլ սերտ կապ ենք պահպանում: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հեռանկարներ են ստեղծում, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային իրավիճակի առողջացմանը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Օրերս էլ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։

Ու մինչ Մոսկվան ձգտում է նոր հանդիպում կազմակերպել ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել ռուս-ամերիկյան փոխհարաբերություններում:

Աննախադեպ լարվածության ֆոնին կայցել է ռուս և ամերիկացի դիվանագետների շփում` երկարատև դադարից հետո: Հիշեցնենք, որ ՌԴ-ն ու ԱՄՆ ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի համանախագահող պետություններ են:

Ահա հունվարի 30-ին Մոսկվայում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին առաջին անգամ այցելեց Ռուսաստանի ԱԳՆ։ Այստեղ Թրեյսին հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ։ Բանակցությունների ավարտին հրապարակված հաղորդագրության մեջ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Թրեյսին ու Ռյաբկովը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Թրեյսին առաջին անգամ այցելել էր Ռուսաստանի արտգործնախարարություն՝ իր հավատարմագրերը հանձնելու նպատակով։

«Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին մատնացույց է արվել ԱՄՆ կողմից որդեգրված առճակատման կուրսի անարդյունավետությունը, որը հղի է բացասական հետևանքներով», - հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հավելելով, - «հանդիպման ժամանակ ընդգծվել է՝ ռուսական կողմը ակնկալում է, որ իր գործունեության ընթացքում դեսպանը խստորեն կհետևի ռուսական օրենքներին, կպահպանի մեր կանոններն ու սովորույթները, հավատարիմ կլինի պաշտոնավարման երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին»։

Մեկ օր անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հաստատեց լուրը, որ ռուսական կողմը հանդիպել է ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սպառազինությունների վերահսկման որոշ հրատապ հարցեր, հայտնում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Հիշեցնենք, որ Լին Թրեյսին մինչ Ռուսաստան գործուղվելը` Հայաստանում ԱՄՆ դեսպանն էր: Նա Մոսկվա մեկնեց` ռուս-ամերիկյան բավական կոշտ առճակատման այս փուլում:

Առաջին շփումն, ինչևէ, կայացել է, և սա կարևոր քայլ է անկախ հարաբերությունների հետագա ընթացքից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6314 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am