Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ, գրում է Civilnet.am-ը:

Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։

Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։

Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։ Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։

Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։ Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։

Փոխնախարարի հայրը՝ ամբաստանյալ

«Շինկարկաս»-ը, ինչպես վերը նշեցինք, հիմնադրել է Ավետիք Հարությունյանը։ Վերջինս երկար տարիներ (2004-2019 թթ) եղել է նաև Համահայկական հիմնադրամին պատկանող «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը։ «ՀԱՏՄ»-ը հայ-ամերիկյան տնաշինական միավորման հապավումն է, որը հիմնադրվել է 1991-ին՝ Հայաստանի կառավարության ու Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով։ Ընկերության նպատակը աղետի գոտում շինանյութի արտադրությունն ու մատակարարումն էր։ 1999-ից «ՀԱՏՄ»-ի սեփականատեր դարձավ Հայաստան համահայկական հիմնադրամը, մի քանի տարի անց Հարությունյանը դարձավ ընկերության տնօրեն։

2018-ին հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին առնչվող քրեական գործի շրջանակում ԱԱԾ-ն հաղորդեց, որ փոխնախարարի հայրն օժանդակել է Արա Վարդանյանին հափշտակել հիմնադրամի գույքն ու միջոցները։ Ըստ մեղադրանքի՝ Ավետիք Հարությունյանը լինելով «Հայաստան» հիմնադրամի 100% ղեկավարման հանձնված «ՀԱՏՄ» ընկերության տնօրենը, այսինքն՝ պաշտոնատար անձ, և ընդունելով հիմնադրամի գործադիր տնօրենի՝ Արա Վարդանյանի՝ հանցանքի կատարման օժանդակելու առաջարկները, 2017-2018 թվականների ընթացքում շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելով օժանդակել է Արա Վարդանյանին հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելուն։ Դրա շրջանակում նա կեղծված պաշտոնեական փաստաթղթերն այլ կեղծ փաստաթղթերով փոխարինելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք: Այս գործն այժմ դատաքննության փուլում է Հակակոռուպցիոն դատարանում, Արա Վարդանյանն ու Ավետիք Հարությունյանը մեղադրյալներ են։ Գլխավոր դատախազությունից Սիվիլնեթին հայտնել են, որ գործով պետությանը պատճառված վնասը ավելի քան 287 միլիոն դրամ է։

Այլ պայմանագիր՝ Հարությունյանների ընկերության հետ

Հովհաննես Հարությունյանի հորեղբորը՝ Հարություն Հարությունյանին է պատկանում «Հայկասար» ՍՊԸ-ն։ Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ «Հայկասար»-ը շենքերի ու շինությունների տեխնիկական հետազննության գործունեությամբ է զբաղվում։ Դեկտեմբերի 8-ին «Հայկասար»-ը ավելի քան 2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվել է տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ մատուցել Ախուրյանի Կրաշեն, Քեթի, Աշոցք համայնքի Արփենի, Ցողամարգ, Գեգհովիտ, Ամասիա համայնքի Ալվար և Գտաշեն բնակավայրերի դպրոցներում կատարված շինարարական աշխատանքների համար։

Ինչպես «Շինկարկաս»-ի դեպքում, այստեղ էլ Հարությունյանների ընկերության հետ պայմանագիր կնքվել է գնանշման ընթացակարգի շրջանակում։ «Հայկասար»-ը տարբեր տարիների հաղթել է գնումների մրցույթներում։ Դրանցից մեկը, սակայն, ավարտվել է սկանդալով. 2016-ին Երևանի թիվ 120 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության համար «Հայկասար»-ի հետ կնքվել էր 1,5 միլիոն դրամի պայմանագիր։ 2017-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ մանկապարտեզի շինարարությունն իրականացնող ընկերությունները չեն կատարել մանկապարտեզի նորոգման աշխատանքները, իսկ շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Հայկասար» ընկերության ներկայացուցիչը կատարողական ակտերում իր ստորագրությամբ հաստատել է աշխատանքների ամբողջությամբ կատարված լինելը։ Ըստ ոստիկանության՝ այս գործողությունների արդյունքում մանկապարտեզի սաները շարունակել էին մնալ անբարեկարգ ու հակահիգիենիկ պայմաններում։

Նախկին իշխանությունների ժամանակ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործը, սակայն, կարճվել է նոր իշխանությունների օրոք։ Գործը հարուցվել էր խոշոր չափերով յուրացման, փաստաթղթերի կեղծման, օգտագործման հատկանիշներով 2017-ին։ 2018-ի հուլիսին 30-ին քրգործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի և հանցակազմի բացակայության հիմքով։

Հովհաննես Հարությունյանը 2018-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ էր, 2019-ի փետրվարից՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականը, իսկ հետո նշանակվեց առողջապահության փոխնախարար։ 2021-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հարությունյանը Շիրակի մարզպետն էր, այս ընթացքում նա նաև Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն էր, սակայն ՔՊ-ին այդ ընտրություններում չհաջողվեց ավագանիում մեծամասնություն ձևավորել, Հարությունյանն էլ քաղաքապետ չդարձավ։ 2021-ի նոյեմբերից նա դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար ու սկսեց զբաղվել հանքարդյունաբերության ոլորտով։

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am