Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի․ Արմեն Ստեփանյան (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) կայուն զարգացման գծով տնօրեն և ընկերության բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ զրույցի առիթը շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և Սյունիքի մարզում հանգրվանած արցախցիներին տրամադրվող աջակցությունն էր, սակայն հաշվի առնելով, որ Արցախի հանքարդյունաբերական ծրագրերը դարձել են շինծու պատրվակ Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափման համար, անդրադարձ եղավ նաև ոլորտին և ստեղծված իրավիճակին։

– Պարոն Ստեփանյան, օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ԶՊՄԿ-ն զգալի աջակցություն է ցուցաբերել Սյունիքում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին։ Քանի՞ մարդու մասին է խոսքը, և ի՞նչ օգնություն է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը։

– Թվերի մասին հստակ տեղեկություն հավանաբար մարզային և համայնքային իշխանությունները կարող են տալ։ Գիտեմ, որ շատերը հանգրվանել են Սյունիքի մարզում, այդ թվում՝ Քաջարան և Կապան քաղաքներում։ Եվ հակառակը՝ մեր բնակիչներից շատերը շրջափակման մեջ են մնացել Արցախում, և նույնիսկ աշխատակիցներ ունենք, ովքեր փակված հատվածի այն կողմում են եղել և չեն կարողանում վերադառնալ։ Ինչ վերաբերում է մեր օգնությանը, ապա դա իրականացվում է «Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին գումար տրամադրելու միջոցով, իսկ ծրագրերի իրականացմամբ զբաղվում է մարզպետարանը։ Կարծում եմ՝ սա օգնությունը հասցեական ու առավել արդյունավետ է դարձնում։ Չէի ցանկանա թվեր նշել, միայն նշեմ, որ մեր հայրենակիցներին աջակցելու գործին այսօր յուրաքանչյուր կազմակերպություն պետք է մասնակցի՝ իր ուժերի ներածին չափով։

– Դուք, որքան տեղյակ եմ, մասնագիտությամբ բնապահպան եք։ Արդեն երկար տարիներ աշխատում եք հանքարդյունաբերության ոլորտում։ Հաջորդ հարցս Արցախում հանքարդյունաբերական ծրագրերին է վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ ճանապարհը փակած սադրիչները հանքերի թեման օգտագործում են՝ որպես պատրվակ։ Տարեվերջին Արցախի իշխանությունները և հանքը շահագործող Բեյզ Մեթալս ընկերությունը հայտարարեցին, որ հանքի գործունեությունը ժամանակավորապես կասեցվում է։ Ինչպես և կարելի էր ենթադրել, ճանապարհները, միևնույն է, փակ մնացին։ Ի՞նչ եք մտածում այս իրավիճակի հետագա զարգացման մասին։

– Կարող եմ միայն ասել, որ մտահոգությամբ եմ հետևում զարգացումներին, հույս ունենալով, որ ճանապարհը կապաշրջափակվի, իսկ հանքը կվերսկսի աշխատանքները, քանի որ լավ եմ պատկերացնում, թե ինչ հսկայական կարևորություն ունի այդ ծրագիրն Արցախում՝ տնտեսական և սոցիալական առումով։

 

– Ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ճանապարհների շրջափակումն առիթ տվեց բազմաթիվ խոսակցությունների այն մասին, որ հաճախ հենց Հայաստանում են ծնվել այն կոչերն ու պնդումները, որոնք այժմ օգտագործում են ադրբեջանցիները։ Անշուշտ, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ բնապահպանական օրակարգ չկա, այդուհանդերձ, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակն այդ տեսանկյունից, ի՞նչ դիրքորոշում ունի հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը։

– Չեմ ուզում մեկնաբանել ադրբեջանցիների թեզերը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ներսում երկար տարիներ հանքարդյունաբերության դեմ հնչող թեզերին, չեմ կարող խոսել ոլորտի անունից, կարող եմ ասել անձամբ իմ տեսակետը. մենք մեր հանքարդյունաբերական պոտենցիալը լիարժեք օգտագործելու, ոլորտը իրական գիտական քննարկումներով բարելավելու, ներդրումներ ներգրավելու փոխարեն, տարիներ շարունակ զբաղված ենք եղել ինքներս մեզ վրա ցեխ շպրտելով, ինչպես, օրինակ, վերջերս էր՝ տեղի չունեցած «պոչամբարի պայթյունի» մասին կեղծ լուրեր տարածելով, նման օրինակները շատ-շատ են։ Սրան վերջ տալու և լրջանալու ժամանակն է։ Հանքարդյունաբերությունը բեռ չէ։ Դա հսկայական հնարավորություն է, որ պետք է ճիշտ օգտագործել։ Այսօր ԶՊՄԿ-ն վճարում է այնքան հարկ, որքան խոշոր հարկատուների ցուցակի հաջորդ 5 ձեռնարկությունները՝ միասին վերցրած։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հնարավորություններ կունենար Հայաստանը, եթե մենք ունենայինք ԶՊՄԿ-ի մասշտաբի ևս մեկ-երկու հանքարդյունաբերական ծրագիր։

– Վստահ եմ, չեք պնդի, որ բնապահպանական բոլոր խնդիրները մտացածին են։

– Իհարկե՝ ոչ։ Բայց ես իմ մասնագիտական և մասնավորապես հանքարդյունաբերական կարիերայի ընթացքում Հայաստանում մեկ ձեռքիս մատների վրա կարող եմ հաշվել դեպքերը, երբ վեր հանված խնդիրներն իսկապես գիտական հիմնավոր քննարկման արդյունք էին։ Մենք չենք ունեցել կամ շատ քիչ ենք ունեցել իրական բնապահպանական դեբատ, մասնագիտական քննարկում։ Մենք հիմնականում ունեցել ենք վախեր կամ միֆեր տարածելու վրա հիմնված ակտիվիստական աղմուկ։ Դրանք տարբեր բաներ են։ Մեկն օգնում է բարելավել հանքարդյունաբերության բնապահպանական կառավարումը, մյուսը խանգարում է առանձին վերցրած ծրագրերին, նաև ընդհանուր ֆոն է ստեղծում երկրի հանքարդյունաբերության ոլորտի դեմ, ինչին ականատես ենք լինում հիմա։

– Բայց ակտիվիստները նույնպես իրավունք ունեն մտահոգություն հայտնելու։ Նրանք դժգոհում են, որ հանքարդյունաբերական ընկերությունները նրանց ճնշում են ու դատի են տալիս, փորձում լռեցնել։

– Իհարկե ունեն իրավունք։ Իսկ ի՞նչն է խանգարում քննադատել՝ առանց զրպարտություն ու սուտ տարածելու։ Եթե մասնագիտական գիտելիքները չեն բավարարում խնդիրները ձևակերպել առանց ստի, ուրեմն ավելի լավ է լռել, հատկապես՝ այսօր։ Ես ինքս նախկինում միշտ դեմ եմ եղել զրպարտությանը դատական կարգով պատասխանելուն։ Բայց հիմա սա դարձել է անվտանգության խնդիր։ Ցանկացած կեղծիք՝ Հայաստանի տնտեսության հենք հանդիսացող ոլորտի մասին, պետք է հերքվի։ Այլապես երբեք չգիտենք, թե համացանցում կուտակված սուտը ում կողմից և ինչպես կօգտագործվի մեր երկրի և ժողովրդի դեմ։

– Որն է այն նուրբ բալանսը, որ համ բնապահպանական խնդիրները բարձրաձայնվեն, համ՝ ձեր նշած անվտանգային ռիսկերը չառաջանան։

– Լուծումը՝ կեղծիքից, սուտ տարածելուց զերծ մնալն է, և խնդիրները մասնագիտական մակարդակում քննարկելը։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ որևէ հանքում իմ աշխատանքի ընթացքում երբևէ չեմ արել այնպիսի պնդում, որի իրավացիությունը չեմ կարող պաշտպանել ցանկացած դատարանում։ Ձեր ասած բալանսն այն ժամանակ կլինի, երբ նման վստահություն կարողանան ունենալ հանքարդյունաբերության բոլոր քննադատները։ Ես ամենից շատ ցավում եմ հենց դրա համար, որ այսօր վարկաբեկվեց, դելեգիտիմացվեց իրական բնապահպանությունը՝ նույնականացվելով վնասատու ակտիվիզմի հետ։ Ակտիվիզմը կարող է և պետք է հօգուտ հասարակության ծառայի, սակայն դա էլ պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան դատապարտում է իրավապահ մարմինների այս մոտեցումը 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են ռազմական համագործակցությունը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am