Քո սխրանքն ավելին էր, քան Հաց Բերող վսեմ կոչումը. Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյան
Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը Հաց Բերողի 49-րդ տարեդարձին նվիրված ուշացումով հանդես են եկել բաց նամակով։ «Սիրելի՛ Արթուր Ամեն անգամ, երբ մեկը հացով կամ հանուն հացի գործած իր սխրանքով նորովի իմաստ է դրել հացի մեջ, մեր հացահավատ հայկազուն ժողովուրդը որպես նրա հերոսության գնահատական՝ համապատասխան խորհուրդ է ավելացրել հացին։ Հազարամյակների ընթացքում այդ խորհուրդները բազմացել ու բազմապատկվել են և, ամբողջանալով, դարձել են մեր ժողովրդի կենսագրության վկայագրերից ամենայուրօրինակն ու առեղծվածայինը։ Երբ դու քո խոյանքով ճեղքեցիր մահվան օղակը և հաց հասցրեցիր Սասնա Ծռերին, ժողովուրդն ի դեմս քեզ տեսավ հացի բոլոր խորհուրդների ամփոփ կրողին և քեզ կնքեց Հաց Բերող բազմախորհուրդ անունով։ Սակայն քո սխրանքն ավելին էր, քան Հաց Բերող վսեմ կոչումը։ Դու շարունակեցիր հին հերոսների գործը և, ի թիվս այլ խորհուրդների, հացո՛վ արտահայտեցիր առաջին ու ամենամեծ ապստամբ Հայկ Նահապետի ոգու պոռթկումը և մի նոր՝ ընդվզմա՛ն իմաստ դրեցիր հացի մեջ։ Համոզված ենք, որ քո հերոսական արարքն առաջիկայում ընդվզման խորհրդով կլրացնի մեր ժողովրդի կենսագրության հացաբույր վկայագիրը։ Տարեդարձդ շնորհավո՛ր, հավերժի ճամփորդ դարձած սիրելի ընկեր, հացով մեզ հույս, հավատ և ընդվզման պատգամ թողած մեր Սասնա Ծուռ Հաց Բերող։ Ժիրայր Սէֆիլյան «Արմավիր» ՔԿՀ Վարուժան Ավետիսյան 9-ը օգոստոսի 2017թ․
