Վերևներում հրահանգել են իրական թվերը թաքցնել
Օգոստոսի 12-ին հրդեհ է բռնկվել Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում։ Այդ օրը հրդեհը չի մարվել կամ չի տեղայնացվել և շարունակել է ընդգրկել նոր ընդարձակ տարածքներ՝ ոչնչացնելով պետական արգելոցի անտառապատ տարածքները։ hayeli.am-ի տեղեկություններով՝ միայն այդ օրը այրվել է արգելոցի մոտ 360 հեկտարը: Պետական մարմինները՝ հատկապես ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փորձում է ամեն կերպ խուսափել հստակ և ճշգրիտ տեղեկություններ հայտնելուց: Մեր տվյալներով՝ նախարարն անգամ խիստ հանձնարարական է տվել իր ենթականերին ու աշխատակիցներին՝ խուսափել լրատվամիջոցներին թվեր հայտնելուց: Նրա խոսքով՝ մի քանի օր տեւած հրդեհաշիջման աշխատանքներն անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում, լեռնային բարդ ռելիեֆ, չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհին նպաստող քամիներ: Խոսրովի անտառ արգելոցի սահմաններում այրվել է 16 կիլոմետր պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարը անտառներ Հիշեցնենք, որ հրդեհը մարելու համար Հայաստան է բերվել ՌԴ ԱԻՆ-ի կողմից տրամադրված ԻԼ 76 ինքնաթիռը, որի միջոցով մի քանի օր շարունակ փորձ էր արվում մարել հրդեհը: Արգելոցում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 17-ին, որը, մեր տվյալներով, ընդգրկել է անտառի 7500-8000 հեկտար, ինչն էլ գաղտնի է պահվում: Ի դեպ՝ որոշ տեղեկություններով «Խոսրովի անտառում» ծառահատում է իրականացվել, ծառը կտրող սարքի ճառագայթներից էլ բռնկվել է չոր խոտը:
