Վրաերթի հետևանքով 8-ամյա աղջնակը մահացել է, իսկ դատավորի եղբոր որդին լքել է դեպքի վայրը
8-ամյա աղջնակին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ նրան մահ պատճառելու մեջ մեղադրվող դատավորի եղբոր որդու գործով նախաքննությունն ավարատվել է և գործն արդեն դատարանում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել Կապանում՝ հուլիսի 21-ին: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Օհանյանը, գտնվելով թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Լեքսուս GX 470» մակնշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթևեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող հետիոտն, անչափահաս աղջկան, ինչի հետևանքով աղջիկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ և մահացել է: Բացի այդ, Նարեկ Օհանյանը դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու և նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և իր ավտոմեքենայով դեպքի վայրից փախուստի է դիմել: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ Օհանյանը, ով Սյունիքի մարզի դատավորներից մեկի եղբոր որդին է, դեպքի օրը մասնակցել է հարսանեկան արարողության: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Օհանյանը կալանքի տակ է:
