Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվում է․ Նիկոլը ներկայացրեց Ալիևի ծրագրերը (video)
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանության ու ժողովրդի արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների ու պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահենք։ Այս առումով, առաջին հերթին, պետք է խուսափել իրադրությունն էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս», - ասաց նա։
Վարչապետն ընդգծեց՝ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, ու ԼՂ իշխանությունը պետք է հնարավորություն չտա, որ որևէ մեկն իրեն մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու մեջ կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։
«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է ու չպետք է իրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Սադրանքի ու էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի ու Ստեփանակերտի միջև քաղաքական ու պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը, չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը», - ընդգծեց Փաշինյանը։
