Երեխային դպրոց ուղարկելու համար անհրաժեշտ ծախսերը. Ադիբեկյանը թվեր է ներկայացնում
Հայաստանում դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար՝ գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ և այլ իրեր գնելու համար: Նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ելնելով սոցոլոգիական հարցումներից: Ինչպես տեղեկացրեց՝ ծնողների 25 տոկոսը խնդիրներ ունի երեխային դպրոցի համար անհրաժեշտ իրերով ապահովելու առումով, հատկապես ձմեռային շրջանում: Նա նշեց, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում և մեկուսանալ իր հասակակիցներից: «Շատ կարևոր է երեխային դպրոց նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին»,- ընդգծել է Ադիբեկյանը:
