Շանթ Ոսկերչյանի բաց նամակը Գևորգ Կուտոյանին
«Հայկական վերածնունդ» համագաղութային շարժման Փարիզի մասնաճյուղի բանբեր Շանթ Ոսկերիչյանը բաց նամակ է հղել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գևորգ Կուտոյանին: Ստորև ներկայացնում ենք նրա նամակն ամբողջությամբ: Հարգելի պր. Գևորգ Կուտոյան Հարգելի պարոն Կուտոյան՝ Ձեր այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխանցում եմ բարեմաղթանքներս և Ձեր ուշադրությանը ներկայացնում ինձ պարտադրված անօրինական կարգավիճակը: 2015 թվի մայիսի 21-ին, առանց որևէ հիմնավորման, Երևանի Զվարթնոց օդանավակայանում իմ մուտքն հայրենիք արգելվեց: Ավելի քան 12 ժամ օդանավակայանում ինձ հետո, կամքիս հակառակ Հ.Հ. Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցներն ինձ նույն ինքնաթիռով վերադարձրին Փարիզ: Զվարթնոցի տանջալից ժամերի ընթացքում անպատասխան մնացին իմ բոլոր հարցադրումներն ու արդարացի բողոքները: Միակ պատասխանը, որը տրվեց Զվարթնոցում, անհարիր էր 21-րդ դարի ժողովրդավարության բոլոր նորմերին: «Վերևից հրաման կա, Ձեր մուտքը Հայաստան արգելված է» հայտարարեց անվտանգության աշխատակիցը և ինձ ուղեկցեց վերադարձի օդանավ: Ինձ համար մինչև օրս հասկանալի չէ իմ մուտքը Հայաստանի հանրապետություն ինչու արգելվեց և ինչու մինջև հիմա չկա որևէ հիմնավորում: Ես բազմիցս դիմել եմ ՀՀ ԱԱ Ծառայությանը պահանջելով, կամ հիմնավորել մուտքի արգելքը, կամ չեղարկել այդ անօրինական որոշումը, բայց ապարդյուն՝ բոլոր հարցումները մնացել են անպատասխան: Սփյուռքի տարբեր գաղթօջախներ տեղեկանալով՝ խիստ դատապարտում են նման անօրինական վերաբերմունքը սփյուռքահայի նկատմամբ և փոխում իրենց կարծիքը Հայաստանի ներկա իշխանության և հատկապես ԱԱԾ-ի նկատմամբ՝ համարելով այն իշխանական լծակ իրենց ոչ համակիր մարդկանց ճնշելու համար: Եթե դա այդպես չէ, ապացուցեք, բացեք իմ ճանապարհը հայրենիք: Ես դիմում եմ Ձեզ հույս ունենալով որ որպես ԱԱԾ-ի նոր պետ, որ Դուք կպատասխանեք և կապացուցեք որ Հայաստանում դեռ կա արդարադատություն և ես կկարողանամ ազատ այցելել իմ շատ սիրելի հայրենիք: Շանթ Ոսկերիչյան Ֆրանսիա,Փարիզ 23/02/2016
