Հաստատվեց. սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվում է
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ, 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2017 թվականի սեպտեմբերի 23-ի շաբաթ օրը:Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը նշեց, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: «Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից»,-ասված է որոշման հիմնավորման մեջ:
