Ադրբեջանը փորձարկել է իսրայելական նոր հակատանկային հրթիռները
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները առաջին անգամ փորձարկել են իսրայելական LAHAT (SkyBow) հակատանկային հրթիռները: Զորավարժությունները անցկացվել են Կասպից ծովում: LAHAT (SkyBow) հակատանկային հրթիռները արձակվում են Մի-17 ուղղաթիռներից: Այս մասին հայտնում է haqqin.az-ը: SkyBow հրթիռներն աշխատում են լազերային կիսաակտիվ ուղղորդման համակարգով: Ուղղաթիռները զինված են երկու քառալից արձակման կայանով և հայտնաբերման ու նշանառության MOSP-3000D էլեկտրոնային-օպտիկական կայանով: LAHAT-ով զինված Մի-17 ուղղաթիռները կարող են հարվածել տանկերին 13 կմ հեռավորությունից: LAHAT հակատանկային հրթիռային համալիրը արտադրվել է 1990-ական թթ. և սկզբնական շրջանում նախատեսված էր միայն տանկերի վրա տեղադրելու համար, սակայն հետագայում արդիականացվել է` վերածվելով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի, որը տեղադրվում է ինչպես ցամաքային կայանների, այնպես էլ` ծովային և օդային (ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ): Ուղղաթիռների համար նախատեսված համալիրը ներկայացվել է 2004-ին և կրում է SkyBow անվանումը:
