ՄԱԿ-Ի ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԽՈՐՀՈւՐԴԸ ԿԱՆԱՉ ԼՈւՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

2022թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվեց Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի կողմից փակելու հարցը: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներկայացուցիչները և ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ: Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների: Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե: Ավելին՝ Ռուսաստանի ներկայացուցիչը հատարարեց, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ միջանցքը մասնակի բացվել է: Քննարկումն ավարտվեց առանց հարցի լուծման վերաբերյալ որևէ որոշում ընդունելու: Հարկ է նշել, որ ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ և ոչ մի միջազգային կառույցից: Ինչո՞ւ: Բանն այն է, որ 2020թ. ադրբեջանաարցախյան երրորդ պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը թիրախավորում էր Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում արցախահայության դեմ, երբ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը, ըստ որի Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, իսկ 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին: ՄԱԿ-ի հետ կապված անհրաժեշտ եմ համարում հիշեցման կարգով նշել հետևյալը. 2022թ. սեպտեմբերի 13-ին, երբ օկուպանտ Ադրբեջանը ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության դեմ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին Հայաստանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 15-ին քննարկել է հարցը: Եվ ի՞նչ: Պատժվե՞լ է Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար: Դո՞ւրս է եկել Հայաստանի Հանրապետության օկուպացրած տարածքներից: Ոչ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկաների հարցերով փոխտեղակալ Միրոսլավ Յենչան՝ ներկայացնելով իր զեկույցը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Եվ ահա թե, մասնավորապես, ինչ է ասել նա իր ելույթում. «Երկու երկրներն էլ գրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին՝ պնդելով… իրենց տարածքային ամբողջականության խախտումների մասին: Միավորված ազգերի կազմակերպությունը այն դիրքում չէ, որ ստուգի կամ հաստատի այդ զեկույցների մանրամասները: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք խորապես մտահոգված մնալ այս վտանգավոր սրացման կապակցությամբ՝… և կոչ ենք արել կողմերին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար»: Եթե սա է եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերաբերմունքը ՄԱԿ-ի անդամ հանդիսացող պետության՝ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի կողմից ագրեսիա իրականացնելու հարցի առնչությամբ, ապա ենթադրելի էր, թե ինչպիսինը կլինի ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծան առնչությամբ: Ավելին՝ Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ հատվածի բնականոն երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ գործնական բովանդակությունից զուրկ, անվճռական մոտեցումը տեսնելով` օկուպանտ Ադրբեջանը կարող է՛լ ավելի լկտիանալ և դիմել անկանխատեսելի քայլերի։ Եթե սրան էլ ավելացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի ներկայացուցչի՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունն առ այն, որ միջանցքը մասնակի բացվել է, ապա Ադրբեջանի՝ է՛լ ավելի լկտիանալու և անկանխատեսելի քայլերի դիմելու հնարավորության հավանականությունը էապես կարող է մեծանալ: «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ ի թիվս մի շարք գործողությունների ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Փաստորեն, ՄԱԿ-ի նշյալ կոնվենցիայի իմաստով օկուպանտ Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնել արցախահայությանը: Այսինքն՝ արցախահայությունն այժմ ցեղասպանության է ենթարկվում Ադրբեջանի կողմից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցած վերոնշյալ քննարկումը ցույց տվեց, որ միջազգային իրավական ակտերի կոպտագույն խախտմամբ արցախահայության նկատմամբ իրականացվող հակահումանիստական գործողությունների համար Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվելու և մնալու է անպատիժ: Հետևաբար, մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և դրանք լուծենք մենք և միայն մենք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով: Ոչ ոքից չպետք է սպասել օգնություն: Ստեղծված ճգնաժամից պետք է դուրս գանք ինքնուրույն: Ըստ այդմ՝ ի՞նչ կարող է և պետք է անի Հայաստանի Հանրապետությունը ստեղծված իրավիճակում:
Հաշվի առնելով՝
• Արցախահայության կամարտահայտությունը, այն է՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը (անկախության հանրաքվե 10.12.1991թ.),
• հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը,
• Ադրբեջանի՝ արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու փաստը՝ ըստ ՄԱԿ-ի սահմանման,
Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը: Այս ամենի հետ միաժամանակ Հայաստանի և Արցախի հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, նա հասկանում է միայն և բացառապես միայն ուժի լեզուն: Եթե ժամանակին ուժով հետ բերվեր Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր: Ուժով պետք է վերականգնել Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը:

 

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

դիտվել է 882 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am