Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո»-ի սեփականատերը, ի վերջո, կարողացավ ընձառյուծներից «վազվռատ անել» 3800 ԱՄՆ դոլարը
Երեկ՝ օգոստոսի 15-ին, SHAMSHYAN.com-ը Ձորաղբյուրում գտնվող «Ջամբո» ռեստորանային համալիրում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին տեղեկություն էր հրապարակել, թե ինչպես էր կապիկը այցելուներից մեկի դրամապանակը «թռցրել» և նետել էր ընձառյուծների վանդակը։ Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր ստացավ, որոնց չնչին մասն անգամ ասում էին, թե նման դեպք տեղի չի ունեցել, այլ լուսանկարները, որոնք տեղադրվել էին ֆոտոռեպորտաժի տեսքով՝ նյութի մեջ, մոնտաժված է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 16-ին, ի վերջո, «Ջամբո»-ի սեփականատիրոջը հաջողվեց հատուկ պաշտպանիչ գլխարկ կրելով՝ մտնել ընձառյուծների տարածք և «վազվռատ անել» 3800 ԱՄՆ դոլարը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գումարը պատկանում է Եվրոպայից Հայաստան այցելած հայ զբոսաշրջիկին, ով իր շնորհակալությունն էր հայտնում «Ջամբո»-ի տնօրինությանը, որ իրեն անտոմս չթողեցին։ Նրանց հետ զրույցում նա ասում էր. «Հիմա կարող եմ հանգիստ տոմսս առնել ու մեկնել Ֆրանսիա, բայց այս դեպքը լավ հիշողություն կմնա ողջ կյանքում»։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ «Ջամբո» էկզոտիկ պարկ և ռեստորանային համալիրի այցելուներից մեկի դրամապանակը, որտեղ եղել էր խոշոր չափի գումար, հիմնականում՝ ԱՄՆ դոլարներ, կապիկը գողացել էր ու շպրտել ընձառյուծի վանդակը։ Գումարի տերն ու «Ջամբո»-ի աշխատակիցները չէին կարողացել դոլարները «վազվռատ անել», քանի որ գիտեին, եթե որևիցե մեկը մտներ ընձառյուծի տարածքը, ապա «մեծ կտորն ականջը կմնար»։
