ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պահանջում են ՌԴ-ին հեռացնել ՄԱԿ-ի ԱԽ-ից, և որ ռուս օլիգարխները վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը

ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրոպական միության երկրների լիդերները Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում համաձայնեցրել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների իններորդ փաթեթը: Գագաթնաժողովը նաև հաստատել է Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը:

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ 9-րդ փաթեթը կնախատեսի անօդաչուների և դրանց շարժիչների ձեռքբերման և արտադրության հնարավորությունները ռուսների համար սահմանափակելու միջոցներ:

Դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել ութերորդ փաթեթը, որով սահմանվել է ծովով փոխադրվող ռուսական նավթի գնի վերին շեմ: Մոսկվան դեռ ի պաշտոնե չի արձագանքել այդ որոշմանը:

Եվրամիությունը երեկ մշտական ներկայացուցիչների մակարդակով էր համաձայնեցրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 9-րդ փաթեթը. «ԵՄ մշտական ներկայացուցիչները սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ՝ որպես ԵՄ-ի կողմից Ուկրաինային շարունակվող աջակցության մաս: Սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթն է, որ համաձայնեցվել է ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակ, և գրավոր ընթացակարգով կհաստատվի վաղը», - ասված է ԵՄ Չեխիայի նախագահության Twitter-ում հրապարակած հաղորդագրությունում:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթն ազդում է անօդաչու թռչող սարքերի և դրանց մասերի ներմուծման, բանկային հատվածի, Ռուսաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա։
Ի դեպ, անցյալ շաբաթ հաղորդվեց, որ պատժամիջոցների նոր փաթեթի կետերի շուրջ հակասություններ են առաջացել ԵՄ անդամ երկրների միջև։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պահանջել է երեք անձանց հանել պատժամիջոցների նախնական ցուցակից։

Եվրամիության խորհուրդը արտգործնախարարների մակարդակով չէր կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի շուրջ, լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Պայմանավորվածությունը դեռ ձեռք չի բերվել նախարարների կողմից, բայց հուսով եմ, որ այն ձեռք կբերվի այս շաբաթ»,- ասել է Բորելը նախարարների հանդիպումից հետո։

Իններորդ փաթեթը սկզբունքորեն նոր լուրջ պատժամիջոցներ չի պարունակում, այն պարունակում է միայն անձանց և կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ, և, ինչպես բացատրում են եվրոպացի դիվանագետները, հիմնականում Հունգարիայի դիրքորոշումն է խանգարում դրա հաստատմանը։

Հունգարիայի իշխանությունները՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, հակասության մեջ են Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ շատ այլ երկրների հետ, որոնք Օրբանին մեղադրում են Եվրամիության ժողովրդավարական նորմերից, մասնավորապես՝ մամուլի և դատական իշխանության անկախության սկզբունքից շեղվելու մեջ։ Այդ պատճառով Եվրահանձնաժողովը սառեցրել է Հունգարիայի համար նախատեսված գումարը՝ ավելի քան 13 մլրդ եվրո։

Հունգարիան ձգտում էր չեղարկել սառեցումը՝ սպառնալով արգելափակել ԵՄ-ի համար այլ կարևոր որոշումներ, միևնույն ժամանակ դժգոհում է, որ մեծապես տուժում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և փոխհատուցման կարիք ունի:

ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում են Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից 

Կոնգրեսականներ Սթիվեն Քոենը և Ջո Վիլսոնը Ներկայացուցիչների տանը օրինագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արվում ձեռնարկել բոլոր միջոցները Ռուսաստանին զրկելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակից։

Նախաձեռնության հեղինակները ներկայացնում են երկու կուսակցությունները՝ Սթիվ Քոենը Դեմոկրատական կուսակցությունից է, Թենեսի նահանգից, իսկ Հարավային Կարոլինայից կոնգրեսական Ջո Վիլսոնը Հանրապետական կուսակցության անդամ է։
Հիշեցնենք, որ 2012-ին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում Ջո Վիլսոնն այցելել էր Հայաստան։

Սթիվ Քոենի ու Ջո Վիլսոնի համատեղ հայտարարությունում նշված է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման և չհիմնավորված պատերազմի պատճառով Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խախտում է ՄԱԿ-ի նպատակներն ու սկզբունքները։ Նրանց կողմից ներկայացված նախագծում նշված է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամներ միտումնավոր ու կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի սկզբունքները՝ ներառյալ Ուկրաինայի չորս շրջաններն անեքսիայի ենթարկելու անօրինական քվեարկությունները, Ուկրաինայի քաղաքներում կատարված վայրագությունները, ինչպես Բուչայում, Ռուսաստանը վտանգում է նաև պարենամթերքի համաշխարհային մատակարարումները։

Օրինագիծը նախագահ Բայդենին կոչ է անում ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ սահմանափակելու, կասեցնելու կամ դադարեցնելու Ռուսաստանի արտոնություններն ու իրավունքները, որ նա հիմա ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Կոնգրեսականները նաև կոչ են անում կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի այլ կառույցներին և մասնագիտացված գործակալություններին։

Անվտանգության խորհուրդը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի աշնանը։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ խորհրդի վրա է դրված աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը։

Փորձագետները թերահավատ են, որ ԱԽ կազմից Ռուսաստանին հեռացնելու կամ իրավունքները սահմանափակելու ջանքերն արդյունք կտան։ ՄԱԿ-ի կանոնադրությունը որևէ դրույթ չի պարունակում Անվտանգության խորհրդի մշտական անդամին հեռացնելու վերաբերյալ։ Որևէ երկրի հնարավոր է ընդհանրապես հեռացնել ՄԱԿ-ի կազմից, բայց դրա համար անհրաժեշտ է Գլխավոր ասամբլեայի երկու երրորդի քվեարկությունը և Անվտանգության խորհրդի միաձայն համաձայնությունը, որը գործնականում անհնարին է, թեկուզ միայն հաշվի առնելով Ռուսաստանի ներկայությունը խորհրդում։

«Ռուսաստանի համաձայնությունը անհրաժեշտ է, և դա պարզապես տեղի չի ունենա»,- ասել է Human Rights Watch-ի ՄԱԿ-ի գծով տնօրեն Լուի Շարբոնեն, նշելով, որ Չինաստանը նույնպես դժվար թե համաձայնի նման նախադեպի։

Անդրադառնալով Կոնգրեսում շրջանառության դրված նախագծին՝ «Ֆորին Փոլիսի» հանդեսը նշում է, որ թեև Ներկայացուցիչների տան բանաձևերը օրենքի պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ մտածողություն են ամրապնդում Կոնգրեսում և նախագահի վարչակազմում։

Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու պատճառով միջազգային կառույցներում Ռուսաստանի դերակատարությունը սահմանափակելու մտածողությունը նոր ընթացք է ստանում։ Անցած սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Անվտանգության խորհուրդը բարեփոխելու կոչ էր արել։

Ըստ ԵՄ-ի՝ ուկրաինացի 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար զինծառայող է զոհվել

Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ կստեղծի հատուկ դատարան, որը կքննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մահ ու ավեր և անասելի տառապանք է բերել: Բոլորս հիշում ենք Բուչայի սարսափը: Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայող է սպանվել: Ռուսաստանը պետք է վճարի այս դաժան հանցանքների, այդ թվում՝ ինքնիշխան պետության վրա ռազմական հարձակում գործելու համար: Հենց դա է պատճառը, որ սատարելով ՄԱԿ-ի Քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո մեկ ուրիշ հատուկ դատարան, որը կքննի Ռուսաստանի հանցանքները և կպատժի ագրեսորներին», - հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ավելի ուշ նրա ելույթում ուկրաինացիների կրած կորուստների մասին հատվածի տեսագրությունից հեռացվել է: Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցել են, որ կորուստնների մասին տեղեկատվությունը համարվում է պետական գաղտնիք, և այդ թեմայով կարող են խոսել միայն նախագահը կամ պաշտպանության նախարարը:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի պնդմամբ, Ռուսաստանը նաև ֆինանսապես պետք է հատուցի: Ուկրաինային հասցված վնասը կազմում է մոտ 600 միլիարդ եվրո: Ռուսաստանը և ռուս օլիգարխները պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը: Եվրամիությունն արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից մոտ 300 միլիարդ եվրո և սառեցրել է օլիգարխներին պատկանող ևս 19 միլիարդ եվրո: Եվրամիությունը պետք է գործընկերների հետ ստեղծի կառույց, որի միջոցով այդ գումարները կուղղվեն Ուկրաինայում վերակառուցման ծրագրին:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի համոզմամբ, երբ մի օր պատժամիջոցները կչեղարկվեն, Ռուսաստանը պարտավորված կլինի ստացվող եկամուտներից ամբողջությամբ հատուցել ծախսերը: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, համատեղ քայլերով հնարավոր կլինի մշակել իրավական միջոցներ և ապահովել, որ Ռուսաստանի այդ սարսափելի հանցանքներն անպատիժ չմնան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1539 անգամ
Լրահոս
Ես մարդ եմ տեսել, որ իր ինքնասիրությունը պոլի շոր էր սարքել ու 5000 դրամ էր ուզում․ Ագնեսա Խամոյան (video) Հայկ Սարգսյա՛ն, այս աղետալի սխեմայի վերաբերյալ ի՞նչ եք մտածում․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է». Վահե Դավթյան Մարտին Գալստյանը վերընտրվեց Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Փաշինյանի հետ վերջը իրար հասկացա՞ք, ո՞վ զիջեց. Ագնեսա Խամոյանը՝ Հայկ Սարգսյանին (video) Ինչու հրաժարվեցիք Արշակ սրբազանի գործից (video) Ես այսպիսի կոռուպցիա տեսած չկամ․ էս ի՞նչ են սրանք անում․ քաղաքացի (video) Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել Զգում եմ ինձ, ինչպես տանը. Սերդար Քըլըչ Ի՞նչ հարաբերություններ այս պահին ունեք Աննա Հակոբյանի հետ․ հարց՝ դատավորին (video) Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է Ովքե՞ր են ազատվելու իրենց ծառայողական պարտականությունների կատարումից. ԿԸՀ Վարդան Ղուկասյանի գործով SMS ստացե՞լ եք․ դատավորի արձագանքը (video) Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են իրենց աշխատանքը Նիկո՛լ, դե էդքան տղամարդ ես, գնա Մոսկվա ու պատասխանդ տուր․ Արամ Սարգսյան (video) ՆԱՏՕ․ Գերմանիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշումը չի ազդի դաշինքի կարողությունների վրա Թրամփ․ Իրանի նավթային ենթակառուցվածքները կարող են հսկայական վնաս կրել Կոտայքի քրեական ոստիկանները ձերբակալել են uպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի Ի՞նչն է երեկ Ալիևին կատաղեցրել․ Երվանդ Բոզոյան (video) Դուք տեսե՞լ եք՝ այս խայտառակ վիճակը, ինչո՞վ եք բացատրում․ Արծվիկ Մինասյան (video) Արդեն ներվայնանում եմ․ թոռներիս ուզում եմ սիրեմ, սրտիկ եմ ասում, Նիկոլին հիշում ու․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am