Չոր նավահանգստի շնորհիվ կկարողանանք համեմատաբար շատ էժան գներով մեր բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ․ Վահան Քերոբյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց Շիրակի մարզում չոր նավահանգիստ ստեղծելու մտադրության մասին։ Ու մինչ ֆեյսբուքյան ակտիվը ծաղրում էր «չոր նավահանգիստ» հասկացությունը՝ տարատեսակ «թաց ու չոր» հումորներ անելով դրա վրա, նախարարությունն արդեն մշակել եւ e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել չոր նավահանգստի նախագիծը։

Վահան Քերոբյանը, մեզ հետ զրույցում խոսելով այդ նախագծի մասին, ասաց․ «Իդեան 2009 թվականից է սավառնում, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանը, ունենալով շատ վատ լոգիստիկ կապվածություն աշխարհի հետ, անհրաժեշտություն ունի առաջնակարգ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու։ Որոշ ժամանակ առաջ սփյուռքահայ մասնագետների կողմից առաջարկվել էր այդ նախագիծը, մի քանի անգամ մերժվել էր, որից հետո, երբ ես դարձա նախարար՝ 2 տարի առաջ, էդ ժամանակ արդեն սկսեցինք ուսումնասիրել հնարավորությունները եւ Հայաստան բերեցինք ոլորտի 40 տարվա փորձառու, ուժեղ մասնագետի՝ Չարլ Մալասին, ով բազմաթիվ երկրներում նախագծեր է իրականացնում՝ նավահանգիստներ, չոր նավահանգիստներ, լոգիստիկ կենտրոններ»։

- Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում չոր նավահանգիստը։

- Դա լոգիստիկ ենթակառուցվածք է եւ արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները եւ, դրան զուգահեռ, կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, եւ տարբեր տրանսպորտային միջոցներն էնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ, այս դեպքում մենք դիտարկում ենք Վրաստանի նավահանգիստները, կա՛մ ավտոտրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ, կա՛մ օդային տրանսպորտով։ Ինչո՞վ է լավ այն տեղը, որ մենք ընտրել ենք Գյումրիում, որովհետեւ էնտեղ հատվում են օդային, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհները։ Այդ առումով օգտագործելու է այդ երեք տրանսպորտային միջոցները։ Սովորաբար, չոր նավահանգիստները մոտակա ծովային նավահանգիստների լրացումներն են դառնում, այս դեպքում մենք կարծում ենք, որ վրացական 2 նավահանգիստների հետ արագ հաղորդակցություն ու կապ ստեղծելով, եւ, փաստորեն, դա կա, որովհետեւ երկաթգիծը հասնում է ե՛ւ Բաթումիի, ե՛ւ Փոթիի պորտեր, մենք կկարողանանք համեմատաբար շատ էժան գներով մեր բեռները Գյումրիից հասցնել մոտակա նավահանգիստ։

- Բայց արդյոք մենք արդյունավե՞տ հեռավորության վրա ենք գտնվում վրացական նավահանգիստներից, ու եթե դա միջնորդ երկրի միջոցով է տեղի ունենալու, որքանո՞վ է նպատակահարմար Հայաստանում չոր նավահանգիստ ունենալը։ Եվ վրացի գործընկերների հետ կա՞ որոշակի պայմանավորվածություն այս հարցում։

- Տեսեք, շատ տրամաբանական է, որ ծովային պորտերի օպերատորները դառնում են հենց իրենց լրացում հանդիսացող չոր նավահանգիստների՝ Dry Port-երի օպերատորներ։ Այս առումով, երբ նախագիծը հասնի մրցութային փուլի, ակնկալում ենք, որ Փոթիի պորտի օպերատոր APM-ը կամ Բաթումիի օպերատոր ֆիլիպինյան ICTSI-ը եւս կմասնակցեն մրցույթներին՝ դառնալ մեր չոր նավահանգստի օպերատոր։ Սովորաբար, պորտ-օպերատորները մեծ հետաքրքրությամբ են դիտարկում ցամաքային Dry Port-եր ստեղծելու գաղափարը, որովհետեւ դա իրենց թույլ է տալիս իրենց ծովային պորտերի միջով անցնող բեռնափոխադրումների ծավալը կտրուկ մեծացնել։

- Մասնագետներն ասում են, որ չոր նավահանգիստ ստեղծելուց առաջ նախ պետք է ծովային նավահանգիստների հետ լոգիստիկ խնդիրները լուծել, մասնավորապես՝ բարելավել երկաթուղային եւ ավտոտրանսպորտային կապն այդ նավահանգիստների հետ։ Մենք այսօր ունե՞նք բավարար լոգիստիկ մակարդակ։

- Այո, այսօր մեր երկաթուղային եւ ցամաքային կապը մոտակա ծովային նավահանգիստների հետ գտնվում է բավարար մակարդակի վրա, որը թույլ է տալիս շատ էժան գներով մեր բեռները հասցնել պորտերին։ Բնականաբար, անհրաժեշտություն կլինի հետագայում եւս բարելավել այդ ենթակառուցվածքները, բայց առանց անհրաժեշտ բեռնափոխադրումների հոսքերի դա անելն էդքան էլ նպատակահարմար չէ եւ տնտեսապես էդքան էլ արդարացված չէ։

- Հաշվարկ ունե՞ք, թե մենք ինչ ծավալի բեռնափոխադրումներ ունենք այսօր, եւ որքանով է մեզ համար հրամայական չոր նավահանգստի ստեղծումը։

- Բոլոր հաշվարկներն արված են, եթե Դուք բացեք, կարդաք e-draft.am-ում դրված նախագծի տարբերակը, էնտեղ մենք դիտարկում ենք, որ մեր չոր նավահանգիստն առաջին հերթին, իհարկե, պետք է տեղական ընկերությունների ստեղծած բեռների վրա հիմնված լոգիստիկ կենտրոն լինի, բայց նաեւ ինքը պետք է տարանցիկ բեռնափոխադրումների համար միջանկյալ վերաբեռնավորման կամ պահպանման կետ լինի, որը կմիացնի Հնդկաստանից դեպի Եվրոպա գնացող տրանսպորտային հանգույցի մասնակիցներին, ինչպես նաեւ Արաբական թերակղզուց դեպի Եվրոպա եւ այդ երկու հարավային տերիտորիաներից՝ դեպի Ռուսաստան։

- Ե՞րբ կմտնի շրջանառության մեջ, ծախսերը հաշվարկե՞լ եք, թե դա ինչ ծախս կնստի բյուջեի վրա։

- Նախագիծը ներկայացվելու է մոտակա հանրային ներդրումային կոմիտեի նիստին, եւ կոմիտեի նախնական դրական գնահատականն ստանալուց հետո արդեն կվարձենք ընկերություն, որը մեզ կօգնի ճիշտ նախագծեր գործարկել։ Դրանից հետո մենք մրցույթի միջոցով կներգրավենք դերակատար տնտեսական օպերատոր կոչվածին, որը սովորաբար աշխարհում հայտնի պորտ-օպերատորներից մեկը կլինի։ Մենք արդեն գիտենք, որ այս ծրագրով հետաքրքրված են մի շարք պորտ-օպերատորներ՝ արաբական երկրներից, եվրոպական, ինչպես նաեւ ասիական երկրներից։

- Կառավարությունը խոստացել էր հայկական լաստանավ գործարկել, որը դեռ անցած ամռանը պետք է ծով դուրս գար՝ չեք արել։ Հիմա ինչո՞վ վստահ լինենք, որ այս նախագիծը կյանքի կկոչվի, եթե չկարողացաք անգամ մի լաստանավ դուրս բերել ծով։

- Գիտե՞ք, մենք բազմաթիվ բաներ ենք նախատեսում, դրանցից որոշ մասը ստացվում է, որոշ մասը չի ստացվում։ Մենք, իհարկե, դեռ մեր ջանքերը կենտրոնացած պահում ենք, որպեսզի լաստանավն աշխատի, բայց բազմաթիվ այլ նախագծեր արդեն ստացվել են, օրինակ՝ տնտեսության արդիականացման ծրագիրը, բազմաթիվ ներդրումային ծրագրեր, նոր գործարաններ, նոր ընդլայնված նախագծեր, բարձր տնտեսական աճ, վերջիվերջո, որը էլի անցած տարի բուռն քննադատության առարկա էր դարձել իմ նկատմամբ, բայց հիմա բոլորս ըմբոշխնում ենք էդ բարձր տնտեսական աճը։

- Իսկ ե՞րբ ենք ըմբոշխնելու լաստանավերի տված արդյունքները։

- Տեսեք, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օր առաջ այդ հարցը լուծվի։ Օրինակ՝ Լարսի ուղղությամբ մեր ջանքերն արդեն բավական լուրջ հաջողություն են գրանցել, եւ մենք, ըստ էության, բավականին երկար ժամանակ առաջ լուծել ենք Լարսի թողունակության հարցը՝ շնորհիվ ռուս գործընկերների հետ մեր վարած բանակցությունների, տարած աշխատանքի։ Կարծում եմ, մենք բավականին շատ ուշացել ենք լաստանավից, բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս այն անպայման կաշխատի»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am