Երևան-Արմավիր երթուղու բիզնեսը պետական մակարդակով փորձում են խլել գործարարից
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան-Արմավիր երթուղին շահագործող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն փաստի առաջ է կանգնել: Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ արհեստական խոչընդոտներ է ստեղծվում իրենց համար, որպեսզի այս բիզնեսը տանեն սնանկության և տիրանան դրան: 2001 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված այս ընկերությունը մի շարք երթուղիներ սպասարկելուց բացի, ուղևորափոխադրում է իրականացնում Երևան-Արմավիր ուղղությամբ: Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ընկերության ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հասնում են Արմավիր քաղաքի ավտոկայան և հակառակ ուղղությամբ 10 րոպեն մեկ պարբերականությամբ վերադառնում են մայրաքաղաք: «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն հիմնադրել է Մուշեղ Խաչատրյանը, որի մահից հետո ընկերության կառավարումն իրականացնում է նրա դուստրը՝ Շուշան Խաչատրյանը: Ըստ ընկերության ներկայացուցիչ Արթուր Վարդանյանի, Երևան-Արմավիր երթուղով անցնում են Երևան-Արմավիր Մյասնիկյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան, Երևան-Արմավիր-Բաղրամյան-Շենիկ, Երևան-Արմավիր-Քարակերտ և Երևան-Մեծամոր երթուղիները: «Մյասնիկյան-Երևանը մեր գծի մեջ են դրել միտումնավոր: Գծում պետք է աշխատի մի մեքենա, աշխատում է մոտ 4-ը: Ամեն օր 5-6 անգամ երթուղի են դուրս գալիս: Մի մեքենան 2 անգամ պետք է գիծ դուրս գա: Այս երթուղու մեքենաներն իրենց վերջնագիծ չեն գնացել, չեն էլ կարող գնալ: Մյասնիկյանում այդքան բնակիչ չկա՝ դա մեկ և երկրորդ՝ ներմարզային երթուղին կա, սա կոնկրետ դրել են այս գծի մեջ, որն աշխատում է Երևան-Արմավիր երթուղով: Նույնը Բաղրամյան-Երևանը, Երևան-Շենիկը, Երևան-Արտենին է: Մենք դեմ չենք, որ փոխադրողները գործունեություն ծավալեն, բայց մեկնման և վերջնակետի պահպանմամբ պետք է դա լինի: Այդ ընկերությունները գալիս են Արմավիր և չեն գնում իրենց վերջնագիծ: Չվացուցակներում այդ ամենն ամրագրված է և կանոնակարգվում է նախարարի հրամանով: Տրանսպորտի տեսչությունը վերահսկում է այս ոլորտը, բայց իրական վերահսկողություն չի իրականացվում, այլ բոլորովին հակառակ իրավիճակն է ստեղծվում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն իրականացնում է թիվ 206 ավտոբուսային և թիվ 207 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումը (Երևան-Արմավիր և հակառակ ուղղությամբ): 206 երթուղու սպասարկման իրավունքը տրված է մինչև 2022 թվականը: Այս երթուղում շահագործվում է 4 փաստացի և 1 պահուստային ավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթուղում շահագործվում է 22 փաստացի և 5 պահուստային միկրոավտոբուս: 207 միկրոավտոբուսային երթին, ըստ նախարարության, 2017 թվականի հուլիսի 11-ին «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ին ժամանակավոր սպասարկման է տրվել, մինչդեռ տարիներ շարունակ այս ընկերությունն է սպասարկել Երևան-Արմավիր միկրոավտոբուսային երթուղին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
