21-ամյա տղան պայքարում է կյանքի համար, իսկ դատավորի մեղավոր տղան անգործությամբ է զբաղված
«Shamshyan.com»-ը գրում է. Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 11-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 21։00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 39 հասցեի դիմաց Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Սևակի Համբարձումյանը իր վարած Infiniti մակնիշի 01 ՕՍ 555 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածով երթևեկող Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի բնակիչ՝ 21-ամյա Էդգար Յաղմուրյանի վարած Kia մակնիշի 35 ՍP 585 համարանիշի ավտոմեքենային։ Բախման հետևանքով Kia-ն մասամբ կողաշրջվել էր, իսկ ուղևոր Հրայր Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչև շտապօգնության ժամանումը, վիրավորին առաջինը օգնություն են ցուցաբերել բժիշկներ Խաչատուր և Հարութ Հարությունյանները և նրանց հայրը՝ բժիշկ-սրտաբան Ռոմիկ Հարությունյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը մինչև այս պահը գտնվում է վերակենդանամցան բաժանմունքում. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Inifiniti-ի վարորդ Ժորա Համբարձումյանի հայրը՝ Սևակ Համբարձումյանը, աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, և զարմանալի է, որ դատավոր հայրիկը, իմանալով, որ իր «փափկասուն» բալիկը վթարի մեղավոր է, ում պատճառով երիտասարդ տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները, չի բարեհաճել անգամ հետաքրքրվել վիրավորի առողջական խնդիրներով։ Գոնե ձևական այցելեր հիվանդանոց, հետաքրքրվեր վիրավորի որպիսությամբ, սակայն նա ավելի շատ, երևի, զբաղված է իր տղայի մեղավորությունը կոծկելով։ Այստեղ են ասում՝ աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա։ Մանրամասները՝ այստեղ.
