Հրդեհները Խոսրովի անտառում եւ Վայոց ձորում շարունակվում են
Խոսրովի անտառ-Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ: Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության Զիմա կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: *** Վայոց ձորի մարզ-Օգոստոսի 14-ին, ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր է մեկնել 12 փրկարար: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք: Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:
